10 տարվա արդյունքների ամփոփում ՇՄ գյուղական համայնքներում

Դեկտեմբեր 19, 2018թ

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Գյումրու Երիտասարդական պալատում կայացավ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից կազմակերպած «10 տարվա գործունեություն Շիրակի մարզի գյուղական համայնքներում․ փորձ, արդյունքներ, հեռանկարներ» խորագրով համաժողովը։ Սա թվով 2-րդ համաժողովն է, որն անցկացվում է կազմակերպության կողմից՝ գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ։ Համաժողովի նպատակն էր ամփոփել անցած 10 տարիների ընթացքում ԿՀԶ ՀԿ կողմից Շիրակի մարզի թվով 12 գյուղական համայնքներում իրականացրած աշխատանքները, ներկայացնել ձեռք բերված արդյունքները, ընթացիկ ծրագրերն ու հետագա անելիքները։

Ի մի բերելով գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ ԿՀԶ ՀԿ  աշխատանքի 10 տարվա փորձառությունը,  կազմակերպության նախագահ Գ․ Մարկոսյանը նշեց․ «Անցած տարիների ընթացքում իհարկե եղել են նաև պահեր, երբ մենք հուսահատվել ենք մտածելով, որ ոչ մի բան չի ստացվի, որ մենք մենակ ենք մեր ցանկությունների մեջ, որ միգուցե չենք անում այն ինչ պետք է տեղերում բնակվող մարդկանց համար, քանի որ հաճախ չենք տեսել այն ոգևորվածությունը, այն նույն մոտիվացիան, որ ունենք մենք։ Սակայն այսօր ամեն ինչ ուրիշ է, շատ բան է փոխվել մարդկանց գիտակցության մեջ, համայնքի բնակիչները ակտիվորեն մասնակցում են ծրագրերի գաղափարների քննարկմանը, երբեմն նույնիսկ կրքերը շատ են թեժանում ծրագրերի առաջնահերթությունների որոշման ընթացքում, բայց ի վերջո գալիս են համաձայնության։ Մարդիկ սովորում են աշխատել միասին, սովորում են բարձրացնել իրենց խնդիրները, սովորում են կամավոր աշխատել, սովորում են ժամանակ և գումար ներդնել ընդհանուր, ամբողջ համայնքին, բոլորին և ոչ միայն իրենց և իրենց ընտանիքի վերաբերող այս կամ այն գործը անելու համար, սովորում են վճարել իրենց իսկ համայնքում ծրագրի շրջանակներում ստեղծված և համայնքի սեփականությունն հանդիսացող միջոցների օգտագործման համար, սովորում են ստեղծել համայնքային հիմնադրամներ, սովորում են  համատեղ որոշել ինչ նպատակով են ծախսելու այդ միջոցները, սովորում են հաշվետու լինել ընդհանուր միջոցների օգտագործման համար։ Հավատացեք դա մեր ամբողջ թիմի ամենամեծ գնահատականն է»։

2014թ-ից առ այսօր Շիրակի մարզի 8 գյուղական համայնքներում իրականացվել են 46 սոցիալական, բիզնես և երիտասարդական նախաձեռնությունների փոքր դրամաշնորհային ծրագրեր։
Դրամաշնորհային ծրագրերի համար մշակված կանոնակարգի համաձայն բոլոր ծրագրերի համար պարտադիր բաղադրիչ է հանդիսացել նվազագույնը 10 % տեղական իշխանության ֆինանսական ներդրումը։ Մեծապես խթանվել է նաև ծրագրերի իրականացման նպատակով համայնքների բնակիչների շրջանում անցկացված ֆոնդահայթայթումը և կամավորական աշխատանքը։ Վերջինս կարևոր դերակատարություն է ունեցել համայնքներում նոր մշակույթի ձևավորման համար։ Միայն վերջին մոտ մեկ ու կես տարվա ընթացքում (2017թ․ ապրիլ – 2018թ․ դեկտեմբեր) շահառու համայնքներում իրականացվել են 27 ծրագրեր, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 15․964․354 ՀՀ դրամ։ ԿՀԶ ՀԿ ներդրումը կազմում է 12․750․360 դրամ, համայնքների ֆինանսական ներդրումը՝ 2․761․994 դրամ, համայնքներում իրականացված դրամահավաքների արդյունքում ներդրվել է 452․000 դրամ։
Համաժողովի ընթացքում շահառու համայնքների անդամները մանրամասնորեն ներկայացրեցին իրենց համայնքներում իրականացված ծրագրերը, հաջողություններն ու ձեռքբերումները, անդրադարձան ծրագրերի իրականացման ընթացքում ունեցած դժվարություններին ու դրանց հաղթահարմանը, ինչպես նաև խոսեցին հետագա անելիքների ու ծրագրերի մասին։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած բիզնես դասընթացների արդյունքում մշակած լավագույն բիզնես ծրագրերը։ Հանձնաժողովի կողմից հավանության արժանացան 5 բիզնես գաղափարներ, որոնք կֆինանսավորվեն ԿՀԶ ՀԿ կողմից՝ հնարավորություն ընձեռելով գյուղաբնակ սկսնակ ձեռներեցներին իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի։

Համաժողովին անդրադարձել է նաև տեղական Շիրակի հանրային հեռուստաընկերությունը, որի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Համաժողովի լուսանկարներն այստեղ

 

Ֆինանսավորված բիզնես ծրագրեր

 

Ընտանեկան հյուրատուն Մեղրաշատում

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում անցկացված «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում, բիզնես պլանի կազմում» դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից մշակված և ներկայացված լավագույն 5 բիզնես գաղափարներն արդեն իսկ ֆինանսավորվել են` հնարավորություն ընձեռելով գյուղաբնակ սկսնակ ձեռներեցներին իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի։ Ֆինանսավորված գաղափարներից մեկը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գործող ընտանեկան հյուրատան վերանորոգման ու պարսպապատման ծրագիրն է, որը նպատակ ունի առավել հարմարավետ ու անվտանգ դարձնել այցելուների հանգիստը։
Հյուրատան մասին տեղեկատվություն տարածելու, գովազդելու և առավել մեծ թվով այցելուներ ներգրավելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն իսկ բացվել է Granny’s House – Family Guest House in Meghrashat էջը։ Հյուրատան մասին տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի նաև սոցիալական այլ ցանցերում ևս։
Ռիմա Ղազարյանի կողմից ներկայացված հյուրատան գաղափարին և առաջարկվող ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/GuesthouseinMeghrashat/

 «Լիլիթ» խմորեղեն

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ բիզնես գաղափարը Ցողամարգ համայնքում խմորեղենի փոքրիկ արտադրամասի հիմնումն է։ Գաղափարը ներկայացվել է Ցողամարգի բնակչուհի Ելիզավետա Մկրտչյանի կողմից՝ նպատակ ունենալով իր և հարևան համայնքների բնակիչներին մատուցել թարմ ու համեմատաբար մատչելի խմորեղեն։
Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել խմորեղենի արտադրություն սկսելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու պարագաները։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև խմորեղենի պատրաստման ու ձևավորման դասընթացների շարք Գյումրիում, որն արդեն իսկ մեկնարկել է։
Ելիզավետան շատ լավատեսորեն է տրամադրված և համոզված է, որ տնային պայմաններում սկսած իր փոքրածավալ բիզնեսը հետագայում ընդլայնվելու է՝ իր դրական ազդեցությունը թողնելով թե՛ ընտանիքի և թե՛ համայնքի կյանքի վրա։
«Լիլիթ» խմորեղենի կողմից առաջարկվող ծառայություններին ծանոթանալու և պատվերներ ընդունելու համար արդեն գործում է անձնական Ֆեյսբուք էջը, որը պարբերաբար կթարմացվի՝ https://web.facebook.com/Lilit-cakes-336873113578006/?modal=admin_todo_tour

«Անուշահամ մեղր Մեղրաշատից»

Մասնագիտությամբ մանկավարժ Կարեն Ոսկանյանը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղից է։ Նա հասցնում է և՛ տեղի դպրոցում դասավանդել, և՛ զբաղվել իր սիրած աշխատանքով` մեղվապահությամբ։ Մեղվապահության նկատմամբ սերը Կարենը ժառանգել է ընտանիքից, որը երկար տարիներ զբաղվել է մեղվապահությամբ։ Տարիներ շարունակ մեղվապահությունը Կարենի համար եղել է հիմնականում հոբբի և ընտանիքին անարատ մեղրով ապահովելու միջոց, սակայն այժմ ցանկանում է ավելացնել մեղվաընտանիքների թիվը և իր սիրելի զբաղմունքը վերածել նաև շահութաբեր բիզնեսի։ Դա էր պատճառը, որ Կարենը որոշեց մասնակցել ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած բիզնես դասընթացներին և ներկայացնել «Անուշահամ մեղր Մեղրաշատից» բիզնես գաղափարը։ Կարեն Ոսկանյանի խոսքերով, Մեղրաշատ անվանումն ինքնին հուշում է մեղրի համար հրաշալի հումքի աղբյուր հանդիսացող գյուղի աշխարհագրական դիրքը։ Նա մեծապես համոզված է, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենա ավելացնելու իր կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր և անարատ մեղրի ծավալը և մրցունակ դառնալ շուկայում։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաև Կարեն Ոսկանյանի ներկայացրած ծրագիրը, որով նախատեսվում է ունեցած 2 փեթակներն ավելացնել ևս 6-ով, ինչը հնարավորություն կտա սկսնակ ձեռներեցին իրականացնելու իր գաղափարը։

Ջերմոցային տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ 2 բիզնես ծրագրերը նպատակ ունեն հիմնելու ջերմոցային փոքր տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում։ Ծրագրերի առաջարկները ներկայացվել են նշված համայնքների ակտիվ կանանց կողմից, ովքեր բիզնես դասընթացներին մասնակցելուց հետո որոշեցին իրենց ուժերը փորձել այս ոլորտում և սկիզբ դնել իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսին։ Գոհար Գևորգյանի և Աննա Խաչատուրյանի խոսքերով, ձմռան ամիսներին աճեցրած բանջարեղենն ու կանաչին հոգալու են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաև իրենց համայնքների կարիքները, քանի որ շրջիկ վաճառականներից գնված բանջարեղենն այդ ժամանակաշրջանում այնքան էլ թարմ ու որակյալ չէ, իսկ իրենք գնորդներին առաջարկելու են անմիջապես ջերմոցից քաղած և էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Բացի այդ, համայնքի բնակիչները բանջարեղեն ձեռք բերելու համար ստիպված չեն լինի հասնել քաղաք՝ ծախսելով լրացուցիչ գումար և ժամանակ։
Նախատեսվում է կառուցել 50մ2 և 100մ2 մակերեսներով պոլիէթիլենային երկշերտ թաղանթով երկու ջերմոցներ, որոնց համար արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ շինարարական նյութերը։ Օրերը տաքանալուն պես կտրվի ջերմոցների շինարարական աշխատանքների մեկնարկը։