2017թ․ Հունվարի 31-ին տեղի ունեցավ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպած «Գյուղական համայնքների զարգացում» խորագրով համաժողովը: Համաժողովն հետապնդում էր մի քանի նպատակներ՝
– Ամփոփել և հանրայնացնել 2014-2016թթ. ընթացքում ԿՀԶ ՀԿ կողմից շահառու 4 գյուղական համայնքներում իրականացված ծրագրերը,
– Քննարկել ՀՀ Շիրակի մարզպետարանի և Շիրակի մարզի Սարապատ համայնքային փնջի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները,
– Գործընկեր կազմակերպությունների հետ կիսվել գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ ունեցած հաջողված փորձով,
– ԿՀԶ ՀԿ կողմից դրամաշնորհային մրցույթի 4-րդ փուլի հայտարարություն:
Ողջունելով մասնակիցներին, ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն անդրադարձավ համայնքների հետ աշխատանքի հիմնական մոտեցումներին՝ ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում կազմակերպությունը, ինչպիսի՞ հիմնական դասեր է քաղել և ի՞նչ փոփոխություններ արձանագրել․ «Գյուղական համայնքների զարգացմանն ուղղված աշխատանքի ավելի քան 8 տարիների տարիների ընթացքում կազմակերպությունն առաջնորդվել է միայն մեկ սկզբունքով՝ ոչ թե համայնքի համար, այլ համայնքի հետ միասին»։ Կազմակերպությունը երբեք որևէ գործողություն կամ ծրագիր ինքնուրույն չի իրականացրել համայնքներում, այլ հետևողականորեն աշխատել է համայնքային տարբեր խմբերի հետ այնքան ժամանակ մինչև իրենք են գիտակցել ու կարևորել որևէ ծրագրի իրականացումն իրենց համայնքում։ Հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ոչ մի գործողություն չի կարող ավելի մեծ դրական արդյունք ունենալ և փոփոխություններ բերել համայնքում, քան համայնքի նախաձեռնությամբ և ՀԿ-ի աջակցությամբ լուծվող սոցիալական ծրագրերը։ Սակայն կազմակերպության ամենակարևոր ձեռքբերումը մենք համարում ենք միջավայրի փոփոխությունը և նոր մշակույթի ձևավորումը։ Համայնքին հուզող հարցերի մասնակցային քննարկումը, մասնակցային որոշումների կայացումը և դրանց ներկայացումը տեղական ինքնակառավարման մարմիններին նոր ձևավորված մշակույթի առաջին քայլերն են»,- իր խոսքում նշեց Գ․ Մարկոսյանը։ Շահառու համայնքներում իրականացված սոցիալական և բիզնեսի զարգացման ուղղվածություն ունեցող ծրագրերի մասին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց ծրագրի համադասող Արմինե Շիրոյանը՝ ընդգծելով հատկապես կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերի խթանումը․«Նախորդ ծրագրերի փորձը ցույց տվեց, որ գյուղի կանայք մեծ ներուժ ունեն և պատրաստ են համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունենալու դեպքում հաղթահարել կարծրատիպերը և սկսել իրենց փոքր բիզնեսը։ Այն դրական ազդեցություն է թողնում ինչպես առանձին կանանց, նրանց ընտանիքների և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, այնպես էլ դրական օրինակ է ծառայում մյուսների համար»։ Համաժողովի մասնակիցների հետ գյուղական համայնքներում ունեցած իրենց աշխատանքային փորձով և հաջողված պատմություններով կիսվեցին նաև «Հայ միասնության խաչ», «Հայկական Կարիտաս», «Շեն», «Շիրակի մրցունակության կենտրոն», «Բիոսոֆիա» կազմակերպությունների ներկայացուցիչներն ու Բասեն համայնքի ղեկավարը։ Բոլոր ելույթներում որպես հաջողության հիմնական բանաձև նշվում էր, որ առաջին հերթին պետք է սիրել համայնքը սեփական ընտանիքի պես, ոչ թե ղեկավարել, այլ առաջնորդել համայնքը, գործել բոլորի հետ հավասար, լինել նախաձեռնող ու երբեք չսպասել, թե ով քեզ օգնության ձեռք կմեկնի։ «Համայնքը մեր տունն է, պետք է սիրես ու սրտացավորեն վերաբերվես համայնքին, սիրես համագյուղացիներիդ: Նրանց վստահությունն ու գնահատականն ինձ համար ցանկացած պաշտոնից ու կոչումից առավել է: Սա է Բասենի հաջողության գրավականը, որի մասին այսօր ողջ հանրապետությունն է խոսում»,- նշեց Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը:
Համաժողովին ներկա էին նաեւ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, ԿՀԶ ՀԿ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կարեւորեցին համաժողովի անցկացման գաղափարն ու բարձր գնահատեցին կազմակերպության իրականացրած գործունեությունը մարզի համայնքներում. « Շատ ծավալուն աշխատանք է կատարվել շահառու համայնքներում, ակնհայտ են դրական փոփոխությունները եւ մենք պատրաստ ենք հետագայում նույնպես համագործակցել ու հնարավորինս աջակցել համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին»,- նշեց ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետի տեղակալ Արթուր Գրիգորյանը:
Համաժողովի երկրորդ մասն անցավ ավելի աշխատանքային մթնոլորտում: Այն նվիրված էր համայնքների ուժեղ եւ թույլ կողմերի հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությանը, ինչպես նաև ԿՀԶ ՀԿ կողմից փոքր դրամաշնորհային ծրագրերի 4-րդ փուլի հայտարարությանը: Արդյունքում՝ համաժողովին ներկա համայնքային ակտիվ խմբերը կարողացան վերլուծել և մասնակիցների ուշադրությանը ներկայացնել առկա հիմնախնդիրները և ձևակերպել դրամաշնորհային ծրագրի նախնական գաղափարներ: Վերլուծության արդյունքների հիման վրա կմշակվեն մարզի 4 համայնքների առաջիկա 3 տարիների զարգացման ռազմավարական պլանները:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1335713596503074.1073741935.158335984240847&type=1″]
Համաժողովի մասին տեղական զանգվածային լրատվամիջոցների պատրաստած ինֆորմացիոն տեսանյութերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով՝
<iframe src=”https://www.youtube.com/embed/5JmURNneAmg” height=”188″ width=”250″ allowfullscreen=”” frameborder=”0″></iframe> <iframe src=”https://www.youtube.com/embed/Pcf2IwCPbGo” height=”188″ width=”250″ allowfullscreen=”” frameborder=”0″></iframe>
<iframe src=”https://www.youtube.com/embed/nnfNVq8Msvs” height=”188″ width=”250″ allowfullscreen=”” frameborder=”0″></iframe> <iframe src=”https://www.youtube.com/embed/bOduLkGlgWI” height=”188″ width=”250″ allowfullscreen=”” frameborder=”0″></iframe>
<iframe width=”560″ height=”315″ src=”https://www.youtube.com/embed/5JmURNneAmg” frameborder=”0″ allowfullscreen></iframe>