Գործընկերների փոխայցելություն Հայաստան

Հունիսի 22-30-ը փոխադարձ աշխատանքային այցով Հայաստանում էին գտնվում Ղրղզստանում խաղաղաշինության բնագավառում ակտիվ գործունեություն իրականացնող «Հանուն միջազգային հանդուրժողականության» հիմնադրամի (“Foundation for Tolerance International”, FTI) գլխավոր գրասենյակի տնօրեն Անարա Եգինալիևան և ծրագրերի ղեկավար Տաջիկան Շաբդանովան:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ԿՀԶ ՀԿ գործունեությանը համայնքների զարգացման և խաղաղության կրթության ուղղությամբ, մշակել երկու կազմակերպությունների միջև փորձի փոխանակման և հետագա համագործակցության հստակ ծրագրեր:

Այցի շրջանակներում հյուրերն եղան նաև Հրազդան քաղաքում, որտեղ Կրթության ազգային ինտիտուտի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը նրանց մանրամասն ներկայացրեց Կրթության ազգային ինստիտուտի հետ ԿՀԶ ՀԿ աշխատանքային համագործակցության քայլերը՝ թե ինչպես է այն սկսվել, զարգացման ինչ փուլեր է անցել և ինչ մակարդակում է հիմա գտնվում: Ելույթներով հանդես եկան և իրենց փորձով կիսվեցին նաև ԿԱԻ աշխատակիցները, ովքեր կարեվորեցին դպրոցների համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ մեկ անգամ ևս ընդգծելով խաղաղության մշակույթի տարածման անհրաժեշտությունը դպրոցներում:

FTI կազմակերպության ներկայացուցիչների հաջորդ կանգառը Արարատի մարզի Մասիսի թիվ 2 դպրոցն էր: Դպրոցի տնօրինության և դասղեկների նախաձեռնությամբ այստեղ կազմակերպվել էր «Խաղաղություն» թեմայով բաց դաս, որի նպատակն էր ամփոփել և հյուրերին ներկայացնել 2015-2016 ուս. տարում «Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրով երեխաների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները: Դպրոցի 5-8-րդ դասարանների աշակերտներն այս ամենը հյուրերին ներկայացրեցին հետաքրքիր բեմականացումների, երգերի ու պարերի միջոցով։ Միջոցառման ընթացքում աշակերտները կատարեցին նաև ղրղզական երգ՝ անակնկալ մատուցելով հյուրերին։ Միջոցառման ավարտին դպրոցականները ներկաներին բաժանեցին իրենց ձեռքով պատրաստած թղթե կռունկներ ու աղավնիներ՝ ի նշան բոլոր երկրների խաղաղության ու բարեկամության։

FTI կազմակերպության ներկայացուցիչներն հնարավորություն ունեցան այցելելու  նաև Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր ու թանգարաններ, ծանոթանալ հայկական մշակույթին, պատմությանը, հյուրընկալությանն ու ազգային խոհանոցին։
ԿՀԶ ՀԿ և FTI կազմակերպությունների ներկայացուցիչներն հույս հայտնեցին, որ երկուստեք կատարած փոխայցելությունները հիմք կհանդիսանան առաջիկայում առավել հստակ գործնական կապերի ու համատեղ ծրագրերի իրականացման համար։

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1086187628122340.1073741971.158335984240847&type=3″]