Կայացավ Ֆերմերային խմբի հիմնադիր ժողովը

Կայացավ երկրորդ աշխատանքային հանդիպումը Թորոսգյուղի արդեն ձևավորված  ֆերմերային խմբի հետ: Հանդիպումն հետապնդում էր մի քանի նպատակներ.

  1. Մեկ անգամ ևս հստակեցնել արդյո՞ք գյուղում բոլորն են իրազեկված ծրագրի մասին և կա՞ն արդյոք շահագրգիռ այլ անձինք, ովքեր ցանկություն ունեն միանալու ֆերմերային խմբին:
  2. Որոշել նորաստեղծ ֆերմերային խմբի անվանումը:
  3. Կազմել և ստորագրել ֆերմերային խմբի հիմնադիր ժողովի արձանագրությունը:
  4. Մասնակիցների հետ քննարկել առաջիկա շաբաթում Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի ուսումնացուցադրական տեղամաս կայանալիք այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ֆերմերային նախաձեռնող խմբի բոլոր 17 անդամները, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ ներկայացուցիչները, «Հայկական կարիտաս» ԲՀԿ «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» ծրագրի համակարգող Լիանա Եֆրեմյանը և համայնքի շահագրգիռ այլ անձինք:

Նախորդ հանդիպումից հետո խմբին անդամակցելու ցանկություն էր հայտնել նաև համայնքի երիտասարդ բնակչուհի Մելսիդա Մկրտչյանը: Արդյունքում ձևավորվեց 18 անձից բաղկացած ֆերմերային խումբ (9 տղամարդ եվ 9 կին), ովքեր կազմեցին և ստորագրեցին հիմնադիր ժողովի առաջին արձանագրությունը: Առաջարկված մի քանի անուններից քննարկման արդյունքում որոշվեց նաև խմբի անվանումը՝ «Թորոսգյուղ» ֆերմերային խումբ:
Որպես գյուղատնտեսական կոոպերատիվ կազմակերպություն գրանցվելուց և մասնագիտական հմտությունների զարգացման համապատասխան դասընթացներից  հետո խումբը կզբաղվի գյուղատնտեսական մթերքների և հումքի արտադրությամբ՝ մասնավորապես նպատակ ունենալով համայնքում զարգացնել ջերմատնային բանջարաբուծությունը, տնկիների ու թաղարների աճեցումը:

Հանդիպման ավարտին ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը խմբի անդամներին ուրախությամբ տեղեկացրեց Թորոսգյուղ համայնքի համար դոնոր կազմակերպություններին ներկայացրած նոր ծրագրի մասին:
«Կանաչ էներգիա՝ հանուն Թորոսգյուղ համայնքի զարգացման» ծրագրի ֆինանսավորման դեպքում համայնքում կառուցվող ջերմատան համար ձեռք կբերվեն արեվային օդատաքացուցիչ համակարգ, չորանոց և ջրի պոմպ, որոնց ներդրումը կապահովի ջերմատան անխափան աշխատանքը տարվա բոլոր եղանակներին և հնարավորություն կտա բարձրացնել ջերմատան եկամտաբերությունը:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1047261095348327.1073741966.158335984240847&type=3″]

 

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագիրն իրականացվում է «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: