Աշխատանքային հանդիպումներ Վրաստանում

georgiaԱյս տարվա մայիս ամսից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն համագործակցում է Վրաստանի Բռնի տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիա, «Սուխումի» հիմնադրամի եվ «Բազմազգ Վրաստանի կանայք» (IDP Women Association “Consent”, “Sukhumi” Fund, “Women of Multinational Georgia”) կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով փոխանակել Հայաստանի դպրոցներում իրականացված Կոնֆլիկտների կառավարման կրթություն ծրագրի փորձը: Նոյեմբերի 30-ին Թբիլիսիում և դեկտեմբերի 1-ին Կութաիսիում կայացան հերթական աշխատանքային հանդիպումները վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների և մի շարք դպրոցների ուսուցիչների հետ: Նշվեց, որ ԿՀԶ ՀԿ-ի կողմից մշակված «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ձեռնարկն արդեն իսկ թարգմանվել է վրացերեն լեզվով:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին Վրաստանի դպրոցներում ևս նմանատիպ կրթության կազմակերպումը: Քննարկվեցին Վրաստանի տարբեր շրջանների մի քանի դպրոցներում դասընթացները փորձնականորեն անցկացնելու հնարավոր տարբերակները: «Սուխումի» հիմնադրամի և «Բազմազգ Վրաստանի կանայք» կազմակերպությունների ղեկավարները նշեցին, որ նամակով դիմել են Վրաստանի Կրթության նախարարություն՝ դասընթացները դպրոցներում անցկացնելու թույլտվություն ձեռք բերելու համար: