Աշխատանքային հանդիպում ԿԱԻ մարզային ղեկավարների հետ

Հուլիսի 17-19 «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ Գյումրիում տեղի ունեցավ «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպում ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի մարզային կառույցների ղեկավարների հետ: Սա աշխատանքային խմբի թվով երկրորդ հանդիպումն էր, որը նպատակ ուներ ամփոփել 2014թ. սեպտեմբերից-2015թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 8 մարզերի 240 դպրոցներում ԿԱԻ մարզային մասնաճյուղերի եւ ԿՀԶ ՀԿ-ի կողմից համատեղ իրականացված «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» ծրագրի արդյունքները, քննարկել առանձին մարզերում իրականացված աշխատանքների առանձնահատկությունները, կազմել մարզերի դպրոցներում 2015-2016 ուս. տարում նախատեսվող աշխատանքների ժամանակացույց եւ այլն:

Հանդիպման ընթացքում ԿՀԶ ՀԿ կողմից ներկայացվեց նաեւ տարբեր մարզերի 1200 դպրոցականների, ավելի քան 660 ուսուցիչների եւ 240 ՄԿԱԳ փոխտնօրենների շրջանում իրականացված հարցումների արդյունքների վերլուծությունը, բերվեցին տարբեր հաջողված օրինակներ ու պատմություններ, որոնք վկայում են, որ դասընթացներն իսկապես դրական ազդեցություն են ունեցել թե՛ դպրոցականների եւ թե ուսուցիչների վրա, եւ որ հետեւողական լինելու դեպքում մենք շատ ավելի մեծ արդյունքներ ու դրական փոփոխություններ կունենանք երեխաների մեջ խաղաղության մշակույթ ձեւավորելու գործընթացում:

Բոլոր ներկաները համակարծիք էին, որ ծրագիրն անհրաժեշտ է դարձնել շարունակական, ներդնել Հայաստանի մնացած դպրոցներում նույնպես եւ ներառել դասղեկական ժամերի համար նախատեսված պլանում: Ծրագիրը շարունակական դարձնելու նպատակով մասնակիցները մշակեցին «Կոնֆլիկտների կառավարման կրթությունը» Հայաստանի դպրոցական կրթական համակարգ ներդնելու կայունությունն ապահովող հիմնական ռազմավարական քայլեր, ինչպես նաեւ ներկայացված մոտեցումներն ու առաջարկությունները Կրթության նախարարություն եւ ԿԱԻ ներկայացնելու ձեւաչափը: