Ամփոփվեցին «Ապրենք խաաղաղ մեր հարևանների հետ» թեմայով նկարչական մրցույթի արդյունքները։ Մրցույթի ժյուրիի կազմում էին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանը, Գյումրու «Էլդորադո Պրինտ» հրտարակչության տնօրեն Արամ Պիճիկյանը, ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության երևանյան գրասենյակի գործող ղեկավար Արմինե Հալաջյանը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության երևանյան գրասենյակի իրազեկման հարցերով պատասխանատու Հասմիկ Սարգսյանը, ՄԱԿ-ի ՀՏՎ վարչական գծով օգնական Արաքս Բաբայանը, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը և ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանը։
Մրցույթին ներկայացվել էին թվով 165 նկարներ՝ Հայաստանի 8 մարզերից։ Ինչպես նշեցին ժյուրիի անդամները, նկարների ընտրությունն իսկապես բարդ էր, քանի որ բոլոր աշխատանքներն էլ շատ գեղեցիկ էին ու հետաքրքիր․
«Բավականին նկարներ կային հավաքված, որոնք հետաքրքիր էին թե՛ իրենց կատարողական, թե՛ գունային և թե մտածողության առումով, սակայն կային որոշակի չափանիշներ, որոնցով առաջնորդվեցինք նկարներն ընտրելիս։ Առաջին չափանիշն այն էր, որպեսզի մրցանակային 3 տեղերում ներկայացված լինեն տարիքային տարբեր խմբեր։ Հաջորդ չափանիշն էր, որպեսզի նկարը որքան հնարավոր է պարզ ու հասկանալի լինի թե՛ մեզ և թե դիտողին։ Հաշվի ենք առել նկարի բովանդակության և պահանջվող ֆորմատի համապատասխանությունը մրցույթին, ինչպես նաև երեխաների կողմից ներկայացրած նկարների բնութագրերը, թե ինչպես են իրենք պատկերացնում թեման, ինչ են ուզեցել ասել իրենց նկարով։ Կային աշխատանքներ, որոնց մասնագիտական աչքով նայելիս զգացվում էր մեծահասակի միջամտությունը, կային նաև արտանկարված նկարներ, որոնք նույնպես դուրս մնացին մրցույթից։ Մեզ համար ամենակարևորը երեխայի ինքնուրույն աշխատանքն է, այն անկեղծությունն ու պարզությունը, որը բնորոշ է երեխայի տարիքին ու մտածողությանը»,-նշեց Ս․Հովհաննիսյաննը։
Մրցանակային 3 տեղերից բացի ժյուրիի կողմից ընտրվեցին նաև 50 լավագույն աշխատանքներ, որոնք կցուցադրվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, իսկ այդ նկարների հեղինակները հնարավորություն կունենան մասնակցելու միջոցառմանը, ստանալու մասնակցության վկայականներ ու այլ պարգևներ։
ԿՀԶ ՀԿ նախագահ Գ.Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս մրցույթին, նշելով․ «Նմանատիպ միջոցառումները պետք է շարունակական լինեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու երեխաների մտածողությունն ու արժեհամակարգը։ Ծրագրի նպատակն է ցույց տալ, որքան կարևոր է խաղաղության մշակույթի ձևավորումը հասարակության մեջ և այդ գործընթացը պետք է սկսել կրթությունից»։ Գ․ Մարկոսյանի խոսքերով, ինքնատիպ գաղափարներով նկարներ շատ կային, որոնք նույնպես արժանի էին մրցանակի, այդ իսկ պատճառով ժյուրին հընթացս որոշեց այդ նկարների հեղինակներին պարգևատրել այլ անվանակարգերում ևս։ Իսկ թե դրանք որ նկարներն են և ինչպիսի անակնկալներ են սպասվում երեխաներին, ժյուրիի որոշմամբ կհայտարարվի սեպտեմբերին: