Եվս մեկ հաջողված ծրագիր Լանջիկ եվ Թորոսգյուղ համայնքներում

2009թ-ից Լանջիկի Համայնքային կենտրոնում գործում է կաթողիկե եկեղեցու պարարվեստի ուսուցման մանկապատենեկան խմբակ, որտեղ հաճախում են 6-18 տարեկան ավելի քան 20 երեխաներ: 5 տարվա կենսագրություն ունեցող պարի խմբակն արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել համայնքի կողմից: Գրեթե չկա համայնքային որեվէ միջոցառում, որին իր մասնակցությունը չունենա պարի խմբակն՝ իր գեղեցիկ ելույթներով ու հայկական պարերի բեմականացումով:

Մոտ 2 տարի առաջ Թորոսգյուղի Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ այս գյուղում նույնպես հիմնվեց պարի խմբակ, որտեղ պարուսույցի պարտականություններն իր վրա վերցրեց կենտրոնի պատասխանատու Մարիամ Ղուկասյանը: Այսօր արդեն խմբակն ունի ավելի քան 13 երեխա, ովքեր շաբաթական 2 անգամ մեծ սիրով ու պատրաստակամությամբ են հաճախում պարապմունքներին, իրենց մասնակցությունը բերում գյուղում կազմակերպվող միջոցառումներին:

Սակայն երկու համայնքների պարի խմբերն էլ չունեին համապատասխան բեմական հագուստներ եվ կոշիկներ, ինչի պատճառով նույնիսկ շատ լավ բեմադրված համարները չէին ունենում այն ազդեցությունը եվ որակը, ինչ անհրաժեշտ էր: Բոլոր պարերի ժամանակ երեխաները հանդես էին գալիս միեվնույն հագուստով, ինչը բնականաբար չէր կարող գոհացնել թե՛ երեխաներին եվ թե  հանդիսատեսին: Պարուսույցների խոսքերով, ազգագրական շատ պարեր իրենք չէին կարող բեմադրել՝ հագուստներ չունենալու պատճառով, իսկ պարերի որակն ու ներկայանալի կողմն ապահովելու համար անչափ կարեվոր է, որպեսզի մեր ազգային եվ ժողովրդական պարերը ներկայացվեն համապատասխան եվ ճիշտ ընտրված հագուստների միջոցով:

Տեսնելով եվ գնահատելով պարուսույցների եվ երեխաների նվիրված աշխատանքը, ծնողների ոգեվորությունն ու ուրախությունը՝ ամեն անգամ իրենց երեխաներին բեմում տեսնելիս, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ եվ ֆինանսական աջակցությամբ Լանջիկի պարի խմբի թվով 15 սաների համար կարվեց ազգային հագուստ:

Սակայն այսքանը բնականաբար չէր բավականացնում բոլոր երեխաներին եվ ԿՀԶ ՀԿ-ն դիմեց «Փարոս» հիմնադրամին՝ աջակցելու այս համայնքների պարի խմբերին ձեռք բերել նոր հագուստներ եվ կոշիկներ:   Մի քանի ամիս անց կազմակերպությունը «Փարոս» հիմնադրամից նամակ ստացավ, որտեղ նշվում էր, որ ամերիկահայ Սեվակ եվ Նաիրիր Բալյանների ընտանիքը պատրաստակամություն է  հայտնել ֆինանսավորելու ծրագիրը եվ ձեռք մեկնելու հեռավոր համայնքներում բնակվող եվ դժվարին պայմաններում ապրող իր հայրենակիցներին:

Մոտ երկու ամսում մոդելավորվեցին եվ կարվեցին 3 տիպի հայկական տարազներ եվ ձեռք բերվեցին միանման կոշիկներ՝  31 երեխաների համար (նախատեսված 30-ի փոխարեն):

Այսօր արդեն Թորոսգյուղ եվ Լանջիկ համայնքների պարի խմբերն ունեն համապատասխան բեմական հագուստներ եվ մեծ ոգեվորությամբ նախապատրաստվում են առաջիկայում հանդես գալ համատեղ միջոցառմամբ:

ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը վստահ է, որ այս ծրագրով կլուծվեն միանգամից մի քանի խնդիրներ՝ այն կօգնի առավել աշխուժացնել համայնքների մշակութային կյանքը, կբարձրացնի մարդկանց մասնակցությունը կազմակերպվող միջոցառումներին, կօգնի պահպանել հայկական ազգային ու ավանդական պարերը, կթարմանա պարացանկը եվ կբեմադրվեն նոր պարեր, կկազմակերպվեն միջհամայնքային շրջագայություններ ու միջոցառումներ, իսկ «Փարոս» հիմնադրամի եվ ԿՀԶ ՀԿ-ի այս ծրագիրը համայնքներում կդառնա հաջողված եվ մնայուն ձեռնարկներից եվս մեկը:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.696233617117745.1073741902.158335984240847&type=1″ slider=”1″]