Խաղաղություն և կոնֆլիկտների կառավարում

…Դեռ պարապմունքների ընթացքում զգացի, որ ես շատ եմ փոխվել: Փոխվել է իմ բնավորությունը, մտածելակերպը: Առաջ հաճախ էր պիտակավորում մարդկանց, անտեղի վեճեր ստեղծում, իսկ հիմա՝ ոչ:  Իմ կարծիքով Խաղաղության ուսուցման կենտրոնում ձեռք բերած իմ գիտելիքները շատ կարեվոր են հատկապես հետագա կյանքում ճիշտ որոշումներ կայացնելու, կարիքի դեպքում մարդկանց օգնության հասնելու համար: Մինչ այդ ես այնքան էլ չէի կարեվորում խաղաղությունը: Հետո հասկացա, որ խաղաղությունից կարեվոր բան չկա այս կյանքում…” , – Անժելիկա Սիմոնյան, Գյումրու թիվ 2 դպրոց

photo-1Վերջին մի քանի տարիներին մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին փորձեր են արվում դպրոցի կրթական համակարգ ներմուծել խաղաղության, կոնֆլիկտների խաղաղ լուծման, հանդուրժողականության գաղափարները: Նպատակը հասկանալի է բոլորին: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է դաստիարակել իր իրավունքները պաշտպանող և ուրիշի իրավունքները հարգող, կոնֆլիկտները խաղաղ եղանակով լուծելու ունակ և հանդուրժող վաղվա քաղաքացի: Առաջաիններից մեկը, ով Հայաստանում ձեռնարկեց նմանատիպ կրթության իրականացումը, “Կանայք հանուն զարգացման” հասարակական կազմակերպությունն էր:
2002-2010թթ. ընթացքում մենք սկսեցինք “Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում” ծրագրի իրականացումը, որի հիմնական նպատակը խաղաղության մշակույթի և կոնֆլիկտների խաղաղ լուծման գաղափարների ձևավորումն էր ուսուցիչների և դպրոցականների շրջանում:
Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 16 դպրոցներում և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում հիմնվեցին “Խաղաղության ուսուցման” կենտրոններ: Դասերը կենտրոններում անցկացվում էին Կրության ազգային ինստիտուտի և կազմակերպության մասնագետների կողմից մշակած մեթոդական ձեռնարկի հիման վրա:

2002-2010թթ. ընթացքում՝
– Ուսուցանվեցին 5-10-րդ դասարանների ավելի քան 1000 դպրոցականներ, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 150 ուսանողներ:
– Իրականացվեց “հավասարը հավասարին” մեթոդով ուսուցում 18 դպրոցների 3500 դպրոցականների և ավելի քան 500 ապագա ուսուցիչների համար:
– Անցկացվեցին դասընթացներ Շիրակի, Լոռի և Արագածոտն մարզերի 80-ից ավելի դպրոցների մոտ 550 ուսուցիչների համար:
– Կազմակերպվեցին սեմինար-պարապմունքներ ավելի քան 3200 ծնողների համար:
– Իրականացվեց հետազոտություն՝ գնահատելու նպատակով խաղաղության կրթության ազդեցությունը դպրոցականների վրա ուսուցումից մի քանի տարի անց:

Վերոհիշյալ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Խաղաղության կրթության դասընթացն ավարտած դպրոցականներն ունեն բավարար հմտություններ և կարողություններ կոնֆլիկտների վերլուծության և պատճառների բացահայտման, հաղորդակցման, կոնֆլիկտների խաղաղ լուծման եղանակների վերաբերյալ: Նրանք ձեռք են բերել այնպիսի գիտելիքներ, ինչպիսիք են՝

  • – Հարգանք տարբեր ազգերի պատմության և մշակույթի նկատմամբ;
    – Համոզմունք, որ խաղաղության մշակույթը սկսվում է յուրաքանչյուրից;
    – Ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ;
    – Սեփական իրավունքների պաշտպանության և պարտականությունների գիտակցման կարողություն:

Ուսուցիչների և ծնողների կարծիքով ծրագրին մասնակից դպրոցականները դարձել են հանդուրժող միմյանց նկատմամբ, նվազել են կոնֆլիկտային իրավիճակները, ծագած կոնֆլիկտները հիմնականում լուծվում են խաղաղ ճանապարհով՝ չվիրավորելով մարդկային արժանապատվությունը:
2011-2013թթ. “Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն” ծրագիրն իրականացվել է Հայաստանի 11 մարզերի ընդհանուր թվով 360 դպրոցներում՝ ընդգրկելով ավելի քան 2100 ուսուցիչների/դասղեկների, 6-9-րդ դասարանների ավելի քան 40000 դպրոցականների:

Ծրագրի առաջընթացի գնահատման նպատակով կազմակերպության մասնագետները ուսումնասիրել ու համեմատել են Հայաստանի 11 մարզերի 71 դպրոցների ավելի քան 4117 դպրոցականների նախնական եվ ուսուցումից անմիջապես հետո անցկացված վերջնական հարցման արդյունքները: Վերլուծության արդյունքները փաստում են, որ բռնության ելքով կոնֆլիկտները դպրոցներում նվազել են 72 %, խոսքային բռնության դեպքերը՝ 67%-ով, անուղղակի բռնության դեպքերը՝ 50% –ով:

  • Ծրագրին մասնակից ուսուցիչները նշում են, որ
    – խաղաղության դասերի շնորհիվ դպրոցականների համար դասղեկական հանդիպման ժամերը դարձել են ամենասպասված և հաճելի դասաժամերը,
    – կոնֆլիկտների խաղաղ լուծման թեմաները մեծ հետաքրքրություն են առաջացնում հատկապես ավելի թույլ առաջադիմություն և “վատ վարք” ունեցող աշակերտների շրջանում,
    – քննարկումներին մասնակցում, սեփական կարծիքներ, դիտողություններ ու առաջարկություններ են անում այն աշակերտները, որոնք սովորաբար ոչ մի մասնակցություն չեն ունենում դասերին,
    – դասընթացը օգնում է զարգացնել վերլուծական մտածողություն երեխաների մոտ,
    – դպրոցականների մոտ նկատվում են ոչ միայն վարքի, այլև ակադեմիական առաջադիմության դրական փոփոխություններ,
    – ներողություն խնդրելն ավելի դյուրին է դարձել նույնիսկ ամենակոնֆլիկտային երեխաների համար,
    – ծրագիրը նպաստում է երեխա-ծնող-ուսուցիչ փոխհարաբերությունների կարգավորմանը,
    – բազմաթիվ են այն օրինակները, երբ աշակերտները դասընթացից հետո ինքնուրույն, առանց ուսուցչի, ծնողի կամ ընկերոջ միջամտության կարողացել են կառավարել և հարթել առօրյա կոնֆլիկտները և այլն:

Ծրագիրը մարզերում իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտի բոլոր մարզային կառույցների և մասնագետների աջակցությամբ:

Խաղաղաշինության և Կոնֆլիկտների կառավարման կրթության ուղղությամբ իրականացված ծրագրեր