Կոնֆլիկտների կառավարման կրթություն

Մենք կարևորում ենք երկարատև ու ամենօրյա աշխատանքը՝ խաղաղ ու առանց բռնության հասարակություն կերտելու գործում։

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն առաջիններից մեկն էր Հայաստանում, ով 2002թ-ին նախաձեռնեց Կոնֆլիկտների կառավարման կրթության ուսուցումը Հայաստանի դպրոցներում։ Նպատակը մեկն էր. խաղաղության մշակույթի և կոնֆլիկտների խաղաղ լուծման գաղափարների ձևավորումը դպրոցականների շրջանում`նրանց տալով ոչ թե պատրաստի «դեղատոմսեր» այս կամ այն կոնֆլիկտի լուծման համար, այլ կոնկրետ գիտելիքներ, որոնք կխթանեն վերջիններիս ինքնուրույն մտածողությունը՝ ստեղծված իրավիճակներից դրական ելքեր գտնելու համար։ Դասընթացներին ներգրավված էին ոչ միայն դպրոցականներն ու ուսուցիչները, այլ նաև աշակերտների ծնողները, քանզի կրթությունը չի կարող լիարժեք և արդյունավետ լինել, եթե չի ներառում այդ գործընթացի հետ առնչվող բոլոր կողմերին։

2002-2005թթ ծրագիրը փորձարկվեց Շիրակի մարզի 16 դպրոցներում և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում /ներկայիս՝ Շիրակի պետական համալսարան/, որի հանդեպ դպրոցների տնօրենների, ուսուցիչների, աշակերտների ու ծնողների հետաքրքրվածությունն ու դրական արձագանքները հիմք հանդիսացան Կոնֆլիկտների կառավարման կրթության մեր փորձը տարածել նաև Հայաստանի մյուս դպրոցներում։

ԿՀԶ ՀԿ կողմից մշակվել և տպագրվել են մեթոդական ձեռնարկներ, դասղեկների համար նախատեսված ուղեցույցներ՝ կից պաստառներով և դիտակտիկ նյութերով, որոնք երաշխավորվել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) կողմից։ 2005թ-ին կազմակերպության և ԿԱԻ միջև կնքված համագործակցության հուշագիրը, ինչպես նաև ԿԱԻ մարզային կառույցների ղեկավարների հետ սերտ աշխատանքը հնարավորություն տվեց ձեռնարկներում տեղ գտած թեմաներն ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի թվով 850 դպրոցներում՝ որպես դասղեկական ժամերին ուսուցանվող նյութ։ 

Կոնֆլիկտների կառավարման կրթությունն ուղղված է հետևյալ հմտությունների ու կարողությունների զարգացմանը՝

  • – Կոնֆլիկտների վերլուծություն և առաջացման պատճառների բացահայտում,
  • – Կոնֆլիկտների կառավարման գործնական հմտությունների զարգացում,
  • – Կոնֆլիկտների լուծման տարբեր եղանակների ուսուցում և հաղորդակցման հմտությունների զարգացում,
  • – Անձնական վիրավորանքի տարրերից զերծ կառուցողական քննադատություն իրականացնելու հմտություններ,
  • – Հարգանք հասակակիցների և ուսուցիչների նկատմամբ։

2015-2020թթ ընթացքում ԿՀԶ ՀԿ կողմից ի թիվս բազմաթիվ այլ միջոցառումների, անցկացվել են խաղաղության թեմայով դպրոցականների հանրապետական և միջազգային նկարչական 4 մրցույթներ։ Լավագույն նկարների հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով և տարբեր մրցանակներով, իսկ աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով տեղական և միջազգային հանրության լայն արձագանքին։

Տեղական և միջազգային հարթակներում Կոլնֆլիկտների կառավարման կրթության ոլորտում ԿՀԶ ՀԿ հաջողված փորձը տարածելու նպատակով ի թիվս տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, աշխատանքային հանդիպումների, կազմակերպվել են նաև 2 միջազգային գիտաժողովներ։

Առաջին գիտաժողովը կազմակերպվել էր 2007թ-ին, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ, Հայաստանի ու Վրաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և այլն։ 2017թ-ին կազմակերպված 2-րդ գիտաժողովն շատ ավելի ընդգրկուն էր իր ներկայացուցչական կազմով։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով 25 երկրներից Գյումրի էին ժամանել 130 մասնակիցներ, այդ թվում՝ գիտաժողովի պատվավոր խոսնակներ Ավստրայից, ԱՄՆ-ից, ՄԻացյալ Թագավորությունից և Հայաստանից։ Կոնֆերանսի մասնակիցների թվում էին ոչ միայն տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլև Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ ու մագիստրոսներ։ Վերջիններիս համար մասնակցությունը կոնֆերանսին դարձավ յուրատեսակ դպրոց՝ զարգացնելու սեփական հմտություններն ու կարողությունները խաղաղության կրթության, կոնֆլիկտների կառավարման և տարբեր երկրներում առկա մոտեցումների ուսումնասիրման ուղղությամբ։ Այս համաժողովը կազմակերպության պատմության ամենանշանակալի դրվագներից մեկն է։