Ավելի բարեկեցիկ Նահապետավան

Շուրջ 817 բնակիչ ունեցող Նահապետավան գյուղում տարիներ շարունակ չկային կանգառներ, ինչը դժվաւրություններ էր առաջացնում բնակիչների համար։ Քամոտ ու անձրևային եղանակներին մարդիկ ստիպված էին լինում սպասել հանրային տրանսպորտին բաց տարածքում։

2024թ. փետրվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն սկսեց աշխատել համայնքի հետ՝ նպաստելով մասնակցային զարգացմանը։ Համայնքային հանդիպումների արդյունքում բնակիչներն որպես առաջնահերթ խնդիր նշեցին կանգառների բացակայությունը։ Այդ առաջարկը վերածվեց փոքր դրամաշնորհային նախագծի՝ «Հարմարավետ և անվտանգ համայնք», որի արդյունքում գյուղի բանուկ հատվածներում տեղադրվեցին թվով 4 կանգառներ։ Սա առերևույթ փոքր թվացող, բայց իրականում մեծ նշանակություն ունեցող ծրագիր էր՝ գյուղի բնակիչների առօրյան առավել ապահով ու հարմարավետ դարձնելու համար։

Նախորդ շաբաթ համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կանգառների բացման արարողություն։ Ներկա էին ինչպես Ռեսուրս կենտրոնի ակտիվ անդամները, այնպես էլ՝ բնակիչներ, ովքեր իրենց մասնակցությունն էին բերել ծրագրի իրականացմանը։

Նահապետավանի վարչական ղեկավար Սեդրակ Մնոյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, ընդգծեց․
«Սա մեր գյուղում ԿՀԶ ՀԿ-ի հետ առաջին համագործակցությունն է, բայց վստահ եմ՝ ոչ վերջինը։ Շատ գոհ ենք արդյունքից, քանի որ լուծում ստացավ մի խնդիր, որն իսկապես կարևոր էր մեր բնակիչների համար։»

ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը ևս շնորհավորեց համայնքին՝ նշելով․
«Այս կանգառները ոչ միայն ապահով միջավայր են ստեղծում տեղաշարժի համար, այլև համայնքի ներգրավվածության և համագործակցության գեղեցիկ օրինակ են։ Բացի այդ, ուրախությամբ փաստենք, որ Նահապետավանը այն եզակի շահառու գյուղերից է, որտեղ միաժամանակ ֆինանսավորվել են երեք տարբեր բիզնես նախաձեռնություններ՝ ցույց տալով համայնքի ակտիվությունը և զարգացման ներուժը»։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 853,000 ՀՀ դրամ, որից 597,000 դրամը տրամադրել է ԿՀԶ ՀԿ-ն, իսկ 256,000 դրամը՝ Արթիկի համայնքապետարանը։