Մշակութային ևս մեկ օջախ բացվեց Անուշավան համայնքում

Հուլիսի 13-ին Անուշավան համայնքի բնակիչների համար իր դռները բացեց Համայնքային թանգարանը, որը նպատակ ունի նպաստել գյուղի պատմության պահպանմանն ու վերարժևորմանը, մշակութային կյանքի աշխուժացմանն ու գալիք սերունդներին պատմամշակութային արժեքների փոխանցմանը։

Փոքրիկ թանգարանն իր մեջ ամփոփում է համայնքի ողջ պատմությունը՝ սկսած հիմնադրման օրվանից մինչև մեր օրեր։ Այստեղ ներկայացված են՝

  • – Փոքր Պարնի՝ ներկայիս Անուշավան համայնքի հիմնադիր, անվանի վիրաբույժ, Հայրենական մեծ պատերազմի 4-րդ տանկային բանակի հոսպիտալի հրամանատար Անուշավան Գալոյանի և նրա ընտանիքի կենսագրությունն ու թողած ժառանգությունը,
  • – Հայրենական մեծ պատերազմի մասնակից անուշավանցիներին նվիրված հուշանկյունը,
  • – Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից երեք հայորդիների՝ կյանքն ու անցած ուղին,
  • – Համայնքի բնակիչների կենցաղային հին իրեր և գործիքներ։

Թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արթիկի համայնքապետի առաջին տեղակալ Վ․ Մակեյանը, համայնքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, Անուշավանի վարչական ղեկավար Ե․ Հակոբյանը, ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ և այլ հրավիրյալներ։

Թանգարանի մուտքի ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներ Արշակ Տոնոյանի, Սուրեն Սոսյանի և Հայկ Արշակյանի ծնողներին։

Հավաքվածներին ողջունեցին և թանգարանի ստեղծման պատմության, կատարված աշխատանքների, հովանավորների ու հետագա պլանների մասին խոսեցին Անուշավան համայնքի վարչական ներկայացուցիչ Երվանդ Հակոբյանն ու Անուշավանի արվեստի դպրոցի տնօրեն, համայնքի երիտասարդական ակտիվ խմբի պատասխանատու Մանե Վարդանյանը։

«Շնորհավորում եմ անուշավանցիներին այս անչափ կարևոր ծրագրի համար, քանզի այս վայրում են համախմբվել ոչ միայն Անուշավան համայնքի, այլ նաև ողջ Հայաստանի համար պարծանքի արժանի գերդաստանի՝ Անուշավան Գալոյանի ընտանիքի պատմությունը, ընտանեկան և աշխատանքային արխիվները, գիտական մեծ նշանակություն ունեցող աշխատությունները։ Այստեղ են ամփոփված նաև մեր համայնքի հպարտություններ՝ Սուրենի, Արշակի և Հայկի անձնական և մարտական իրերը։ Համայնքային թանգարանը կամուրջն է սերունդների, Անուշավանի ներկան է ու ապագան և ես հպարտ եմ, որ կարողացանք կյանքի կոչել մեր վաղեմի երազանքը և այսօր արդեն այս ամբողջ հարստության պահպանումը վստահված է թանգարանին, որը պատվով փոխանցելու ենք մեր սերունդներին։»,- նշեց պրն․ Հակոբյանը։

Անուշավանցիներին ողջունեցին և շնորհավորեցին նաև հրավրված հյուրերը՝ անչափ կարևորելով թանգարանի գոյությունը՝ պատմական և մշակութային արժեքները պահպանելու և մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում։

ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը ևս շնորհավորեց համայնքի բնակիչներին, նշելով, որ հպարտ է, որ կազմակերպությունը ևս իր մասնաբաժինն ունի թանգարանի ստեղծման գործում․ «Այս հրաշալի օրինակը ինձ թվում է վարակիչ կլինի նաև մեր մյուս համայնքների համար, քանզի յուրաքանչյուր համայնք ունի իր սեփական ուրույն պատմությունը, որն արժանի է հանրայնացման, պահպանման և գալիք սերունդներին փոխանցելու առումով։ Ծրագիրն անչափ կարևոր է նաև այն առումով, որ բացի կրթական, դաստիարակչական նշանակությունից, կնպաստի ևս մեկ աշխատատեղի ստեղծմանը համայնքում»։

Գ․ Մարկոսյանը կազմակերպության անունից շնորհակալագրեր հանձնեց համայնքի այն բնակիչներին, ովքեր կամավոր կերպով մասնակցել են թանգարանի շինաշխատանքներին։

Նշենք, որ Անուշավանի համայնքային թանգարանը հիմնվել է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից հայտարարված 3-րդ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ ԿՀԶ ՀԿ, Արթիկի միավորված համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Անուշավան Գալոյան ընտանիքի անդամների նյութական ու ֆինանսական աջակցությամբ։

Թանգարանում ներկայացված ցուցանմուշները վերջնական չեն, դրանք դեռևս համալրման փուլում են և ամբողջապես ցուցադրված կլինեն մինչև տարեվերջ։

Միջոցառման լուսանկարներ