Ապրիլի 7-ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ ընդունել է «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպման մեկնարկին մարզպետը շնորհավորել է հյուրերին մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով արևշատություն և ամենայն բարիք։
Կազմակերպության նախագահ Գոհար Մարկոսյանը մարզպետին է ներկայացրել անցած 25 տարիների գործունեությունն ու իրականացված ծրագրերը, մասնավորապես, անդրադառնալով «Տեղական-տարածաշրջանային դերակատարների հզորացում տարածաշրջանային խաղաղության և գյուղական աղքատության հաղթհարման Հայաստանի հյուսիսում» 2020-2023թթ․ իրականացվող եռամյա ծրագրին, որի նպատակը Սարապատ համայնքի բնակավայրերի զարգացմանը նպաստելն է տեղական բնակչության ակտիվ մասնակցության միջոցով։
«Այն բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են մեր մարզի զարգացմանը, մեր բնակավայրերի հզորացմանը՝ մեզ համար կարևոր են և դրանց իրականացման հարցում մենք մշտապես պատրաստակամ ենք համագործակցության ու մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու»,- նշել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում ձեռնարկների իրականացումը։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ ներկայացուցիչները նշել են, որ անցած երկուսուկես տասնամյակում կազմակերպության գործունեությունն ուղղված է եղել գյուղական համայնքների զարգացումն ապահովելուն, կանանց և երիտասարդների հզորացմանը, առողջապահական ծրագրերի իրականացմանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նոր ծրագրերի իրականացման դեպքում թիրախային համայնքների ու բնակավայրերի ընտրությանն ու ծրագրերի ուղղվածությանն առնչվող հարցեր։
Շնորհակալ ենք Շիրակի մարզպետ պրն․ Մուշեղ Մուրադյանին, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ Կարեն Բադիշյանին և Արամ Անտոնյանին ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկման և համայնքների զարգացմանն ուղղված մեր ծրագրերին աջակցելու պատրաստակամության համար։ Լիահույս ենք, որ մեր շարունակական համագործակցությունն ու համատեղ ջանքերն առավել արդյունավետ ու մեծ ծրագրերի հիմք կհանդիսանան ԿՀԶ ՀԿ շահառու գյուղական համայնքների համար։