Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ համայնքում բնակվող Թեհմինե Խաչատրյանի երազանքն է եղել ունենալ այնպիսի սեփական բիզնես, որը կօգներ նրան զբաղվել սիրած աշխատանքով և ֆինանսապես կաջակցել իր բազմանդամ ընտանիքին՝ չկտրվելով տանից և տնային գործերից։
Եվ ահա ԿՀԶ ՀԿ կողմից հայտարարված դրամաշնորհային բիզնես ծրագրերի հերթական հայտարարությունը հնարավորություն տվեց Թեհմինեին իրագործելու իր երազանքը՝ այն է հիմնել ջերմոցային տնտեսություն և զբաղվել լոլիկի մշակությամբ։ Անչափ մեծ էր Թեհմինեի ուրախությունը, երբ դասընթացներին մասնակցելուց և բիզնես ծրագիրը ներկայացնելուց հետո հաղթողների ցուցակում գտավ իր անունը։
Չնայած Շիրակի մարզի խստաշունչ ձմռանը, դրամաշնորհը շահելուն պես, Թեհմինեն ընտանիքի անդամների աջակցությամբ, անմիջապես ձեռնամուխ եղավ ջերմոցի կառուցմանն ու անհրաժեշտ շինարարական նյութերի ձեռքբերմանը, որպեսզի օրերը տաքանալուն պես սկսի պոմիդորի մշակությունն ու օր առաջ վայելի սեփական աշխատանքի պտուղները։
Ավելի քան 3 ամիս տևած շինարարական աշխատանքերից և լոլիկի առաջին սածիլները վերատնկելուց հետո տեղի ունեցավ «Էկո լոլիկ» ջերմոցային տնտեսության բացման արարողությունը, որին մասնակցում էին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակիցները։
90մ2 մակերեսով ջերմոցում Թեհմինեն աճեցնում է հիմնականում Չերրի և Անահիտ տեսակի լոլիկներ, իսկ մի փոքրիկ հողատարածք էլ հատկացրել է վարունգի և պղպեղի փորձնական մշակությանը։
Մեծ ոգևորությամբ ներկայացնելով շինարարության, օդափոխության, հողի խոնավության և ջերմոցի աշխատանքների հետ կապված այլ մանրամասներ, Թեհմինեն իր խոսքում անընդհատ շեշտում էր ընտանիքի բոլոր անդամների աջակցությունն իր ձեռնարկած գործում.
«Իմ հաջողության ամենաառաջին գրավականը ընտանիքիս աջակցությունն է, եթե չլինեին նրանք, ես երբեք չէի կարողանա գործը գլուխ բերել։ Ամուսնուս ծնողները, եղբայրս ամեն հարցում իմ կողքին են եղել՝ սկսած ջերմոցի նախագծման աշխատանքներից մինչև անհրաժեշտ շինանյութերի ձեռքբերումն ու ջերմոցի կառուցապատումը։ Մինչև այսօր էլ իրար լրացնելով ու մեծ սիրով բոլորս աշխատում ենք ջերմոցում, ուրախանում յուրաքանչյուր նոր աճած պտուղով», -պատմում է Թեհմինեն՝ ցույց տալով սկեսուր մայրիկի կողմից պլաստիկե տարաների մեջ խնամքով աճեցրած տնկիները։
Չնայած Թեհմինեն դեռ չի հասցրել քաղել իր բերքը, սակայն եռանդուն աշխատանքի առաջին պտուղներն արդեն երևում են։ Նրա խոսքերով, էկոլոգիապես մաքուր և առանց թունաքիմիկատների աճեցրած լոլիկի պահանջարկը մեծ է ինչպես իր բարեկամների, այնպես էլ համագյուղացիների մոտ։ Նույնիսկ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել մի քանի խանութների հետ՝ լոլիկի փորձնական վաճառքը կազմակերպելու համար։ Սկսնակ գործարարն ունի նաև «Էկո լոլիկ» անունով սեփական տարբերանշան, որով էլ մտադիր է դուրս գալ շուկա և ճանաչում ձեռք բերել, իսկ հաջողություն ունենալու պարագայում մտածում է անպայման ընդլայնել ջերմոցը և զբաղվել նաև այլ մշակաբույսերի աճեցմամբ։
Շնորհավորելով Թեհմինեին և մաղթելով բերքառատ ու անընդհատ զարգացող բիզնես, ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն իր խոսքում նշեց․
«Մեր նպատակն է ոչ միայն զարգացնել կանանց կարողություններն ու խթանել վերջիններիս ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում, այլ նաև նման ծրագրերի միջոցով օգնել ընտանիքներին համախմբվելու և կայանալու։ Թեկուզ փոքր, բայց սեփական բիզնես ունենալն արդեն իսկ խթան է, որպեսզի ընտանիքի տղամարդը ստիպված չլինի մեկնել արտագնա աշխատանքի, մնա սեփական գյուղում և իր ընտանիքի հետ միասին վաստակի օրվա ապրուստը։ Եթե մեր ֆինանսավորած փոքր բիզնեսների արդյունքում փոխվի թեկուզ այդ մի քանի ընտանիքների սոցիալական վիճակը և նրանք մնան իրենց համայնքներում, ապա կհամարենք, որ մեր ծրագիրն հաջողվել է։»
Նշենք, որ սա արդեն 6-րդ ջերմոցային տնտեսությունն է՝ հիմնված «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աջակցությամբ։ Կազմակերպության կողմից հիմնված այլ բիզնեսների հաջողության պատմություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով