“Կանայք հանուն զարգացման” ՀԿ-ն Շիրակի մարզի համայնքներում սկսել է աշխատել դեռևս 1999 թվականից՝ իրականացնելով հիմնականում ընտանիքի պլանավորման, առողջ ապրելակերպի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր։ 1999-2007թթ. ընթացքում առողջապահական ուղղվածություն ունեցող չորս ծրագիր է իրականացվել մարզի ավելի քան 70 գյուղական համայնքներում։ Վերոհիշյալ ժամանակահատվածում բոլոր գյուղերում հիմնվել են «Առողջ ընտանիք» կենտրոններ, ուսուցանվել են ավելի քան 100 բուժքույրեր, բարձրացել է ավելի քան 4000 կանանց և երիտասարդ աղջիկների իրազեկվածությունը վերարտադրողական առողջության, վերատադրողական իրավունքի և ընտանիքի պլանավորման հարցերում, ավելի քան 5000 գյուղաբնակ կանայք, տղամարդիկ և երիտասարդներ ձեռք են բերել սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի կանխարգելման վերաբերյալ տարրական գիտելիքներ։
Մարզի գյուղական համայնքներում աշխատանքի գրեթե 10 տարվա փորձառությունը, իրազեկվածությունը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական առկա հիմնախնդիրների վերաբերյալ, հիմք հանդիսացան որպեսզի կազմակերպությունը սկսի մտածել համայնքներում աշխատանքի նոր մոտեցումների մշակման մասին։ Եվ 2008թ-ից սկսած «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն մեկնարկեց համայնքների զարգացմանն ուղղված համակարգված գործունեություն Շիրակի մարզի գյուղական համայնքներում:
Երեք տարիների ընթացքում Համայնքային կենտրոններ ստեղծվեցին շահառու բոլոր համայնքներում, ձևավորվեցին 10-15 հոգուց բաղկացած համայնքային ակտիվ խմբեր, իրականացվեցին ամենատարբեր ծրագրեր ու դասընթացներ համայնքների անդամների կարողությունների զարգացման ուղղությամբ, մասնակցային եղանակով (համայնքապետի, ավագանու անդամների, համայնքի տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ համատեղ) շահառու բոլոր համայնքների համար կազմվեցին համայնքային զարգացման եռամյա ռազմավարական պլաններ և այլն:
2008-2016թթ. կազմակերպությունն աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր թվով 12 գյուղական համայնքներում՝ Ցողամարգ, Արփենի, Թորոսգյուղ, Բայանդուր, Կրաշեն, Լանջիկ, Գոգհովիտ, Մուսայելյան, Հողմիկ, Մեղրաշատ, Լեռնակերտ, Անուշավան (ընդհանուր թվով մոտ 8500 բնակիչ), որպես սկզբունք ունենալով «ոչ թե համայնքի համար, այլ միասին՝ հանուն համայնքի» կարգախոսը։ ԿՀԶ ՀԿ-ն ոչ թե ինչ-որ գործողություն, փոքր կամ մեծ ծրագիր է իրականացնում համայնքի համար, այլ հետևողականորեն աշխատում է համայնքային տարբեր խմբերի հետ այնքան ժամանակ մինչև նրանք գիտակցում ու արժևորում են այս կամ այն ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:
ԿՀԶ ՀԿ կողմից բոլոր համայնքներում անցկացվել են համայնքի մոբիլիզացման և մասնակցության բարձրացման, քաղաքացիական հասարակության, կանանց իրավունքների, մրցունակ ծրագրեր ներկայացնելու, առաջնորդության, կոնֆլիկտների կառավարման, փոքր բիզնեսի ձևավորման և այլ թեմաներով դասընթացներ։ Արդյունքում համայնքներում ձևավորվել են ակտիվ խմբեր, որոնց անդամները՝ հիմնականում կանայք և երիտասարդ աղջիկներ, ներգրավվել են համայնքային խնդիրների բարձրացման ու լուծման գործընթացներում, դարձել ավելի ինքնավստահ, հնարավորություն են ունեցել իրենց ձայնը լսելի դարձնել տեղական մակարդակում, իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող 19 փոքր դրամաշնորհային ծրագրեր։ Դրամաշնորհային ծրագրերի համար մշակված կանոնակարգի համաձայն բոլոր ծրագրերի համար պարտադիր բաղադրիչ է հանդիսացել նվազագույնը 10% տեղական իշխանության ֆինանսական ներդրումը։ Մեծապես խթանվել է նաև ծրագրերի իրականացման նպատակով համայնքների բնակիչների շրջանում անցկացված ֆոնդահայթայթումը և կամավորական աշխատանքը։ Վերջինս կարևոր դերակատարություն է ունեցել համայնքներում նոր մշակույթի ձևավորման համար։
Կազմակերպության հաջողություններից մեկն էլ կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերի խթանումն է։ Նախորդ ծրագրերի փորձը ցույց տվեց, որ գյուղի կանայք մեծ ներուժ ունեն և պատրաստ են համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունենալու դեպքում հաղթահարել կարծրատիպերը և սկսել իրենց փոքր բիզնեսը։
2017-2020թթ․ ընթացքում իրականացված ծրագրի արդյունքում կազմակերպության շահառու 8 համայնքներում՝
– Ձևավորվել են 12 համայնքային ակտիվ խմբեր՝ այդ թվում 4 երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնցում ընդգրկված են ավելի քան 53 երիտասարդներ (26 տղա և 27 աղջիկ), կազմակերպելով 109 միջոցառումներ ու դասընթացներ՝ ներառելով ավելի քան 300 դպրոցականների ու երիտասարդների։
– Կազմակերպվել են կարողությունների զարգացման ուղղված ընդհանուր թվով 52 դասընթացներ, որոնց մասնակցել են համայնքների ավելի քան 400 անդամներ (կանայք, տղամարդիկ և երիտասարդներ),
– Իրականացվել են 38 սոցիալական ծրագրեր, որոնք այս կամ այն չափով բարելավել են շահառու համայնքներում բնակվող մոտ 4000 (բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին) մարդկանց կյանքի պայմանները,
– Կազմակերպված բիզնես դասընթացներին մասնակցել են շահառու 8 համայնքների 23 երիտասարդ կանայք և տղամարդիկ,
– Փոքր դրամաշնորհներ են տրամադրվել 10 բիզնես ծրագրերի, որոնցից 8-ը ղեկավարվում են կանանց կողմից։ Բիզնես ծրագրերի արդյունքում մեկ տարվա ընթացքում ակնկալվում է առնվազն 3% -ով բարելավել ներգրավված ընտանիքների ֆինանսական վիճակը,
– Շահառու յոթ համայնքներում ձևավորվել են համայնքային ֆորում թատրոն խմբակներ, որոնց մասնակցում են ավելի քան 150 դպրոցականներ։ Մշակվել են ընդհանուր թվով 32 սցենարներ, որոնցում բարձրաձայնվել են համայնքներում առկա ամենատարբեր հիմնախնդիրներ և կոնֆլիկտային իրավիճակներ։ Կազմակերպվել են ընդհանուր թվով 30 ներկայացումներ և հանրային քննարկումներ։
– Շահառու երկու համայնքներում ձևավորվել են քաղաքացիական հասարակության կառույցներ։
– Շահառու երեք համայնքներում ստեղծվել են հիմնադրամներ։
Սակայն ծրագրի ամենակարևոր ձեռքբերումը ԿՀԶ ՀԿ-ն համարում է շահառու համայնքներում միջավայրի փոփոխությունն ու նոր մշակույթի ձևավորումը։ Համայնքներին հուզող հարցերի մասնակցային քննարկումը, որոշումների մասնակցային կայացումը և դրանց ներկայացումը տեղական ինքնակառավարման մարմիններին, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին ձևավորված նոր մշակույթի առաջին քայլերն են։