Դրամաշնորհառու՝ Հասմիկ Գևորգյան,
Շիրակի մարզ, Արփենի համայնք
Դրամաշնորհի գումար – 1.558.490 ՀՀ դրամ
Կարևորելով գյուղաբնակ կանանց և երիտասարդ աղջիկների կարողությունների զարգացումն ու վերջիններիս ձեռներեցության խթանումը, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն (ԿՀԶ ՀԿ) Բուլղարիայի հանրապետության արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ 2020-2021թթ. Իրականացրեց «Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագիրը։ Հասմիկ Գևորգյանը մեկն էր այն 28 դիմորդներից, ով հնարավորություն ստացավ մասնակցելու ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպված բիզնես դասընթացների և ձեռք բերելու բիզնե հիմնելու տարրական գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացների ավարտին դրամաշնորհի հայտ ներկայացրած 9 ծրագրերից հաղթեցին առավել հետաքրքիր ու կենսունակ հետևյալ 4 գաղափարները՝
«Ելակի տուն» – ջերմոցային տնտեսություն Արփենի համայնքում
«Վիոլետ բնական չրեր» – չրերի արտադրություն Ցողամարգ համայնքում
«Քաղցր Արեգ» – հրուշակեղենի արտադրամաս Անուշավան համայնքում
«Կանաչ օազիս» – ջերմոցային տնտեսություն Ցողամարգում։
«Երկար տարիներ երազանք ունեի ՝ զբաղվել սիրած աշխատանքով և միևնույն ժամանակ գումար վաստակել, օգնել ընտանիքիս և որոշակի ֆինանասական անկախություն ձեռք բերել։ Երազանքիս ճանապարհին իմ ամենամեծ մարտահրավերը նախնական գումարի ձեռքբերումն էր, որը թույլ կտար առաջին քայլերն անել դեպի իմ սեփական փոքրիկ բիզնեսը, մարմին ու շունչ տալ իմ գաղափարին։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ դարձա այս ծրագրի հաղթողներից մեկը։ Վստահ եմ, որ շատ շուտով հնարավորություն կունենամ քաղել իմ նորաստեղծ բիզնեսի առաջին պտուղները և ինչու չէ, իմ խոսքը կասեմ մեր մարզի ելակի վաճառքի շուկայում»։
Ելակ աճեցնելու իր առաջին փորձառությունը Հասմիկը ձեռք է բերել իրենց տնամերձ հողամասում՝ ավանդական բանջարաբոստանային կուլտուրաներ խնամելուն զուգընթաց։ Բնականաբար վերջինս շատ փոքր ծավալներ ուներ և բավարարում էր միայն ընտանիքի կարիքները։ Կլոր տարին ելակ ունենալու գաղափարն անընդհատ Հասմիկի մտքում է եղել։ «ՙՇիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագիրն հնարավորություն տվեց Հասմիկին իրագործելու վաղեմի երազանքը և ծովի մակերևույթից ավելի քան 1920մ2 բարձրության վրա գտնվող Արփենի համայնքում ելակ աճեցնել։
90մ2 մակերեսով պոլիկարբոնատային ջերմոցում Հասմիկն աճեցնելու է «Ալբիոն» տեսակի ելակ, որն առանձնանում է իր բարձր որակով և տեղափոխման ու պահպանման ընթացքում դիմացկունությամբ։ Չնայած նրան, որ ելակը համարվում է քաղցր հատապտուղ, այս տեսակի մեջ շաքարի պարունակությունը նվազագույնն է։ Ջերմոցը ոռոգվելու է կաթիլային համակարգով, որն ավելի արդյունավետ է և խնայող։
Հոկտեմբերին Հասմիկը կտնկի ելակի առաջին սածիլները, իսկ մինչ այդ ջերմոցը պարապ չթողնելու համար ամառվա ամիսներին աճեցրել է վարունգ, հասցրել վաճառել ու եկամուտ ստանալ։ Առաջին հաջողությունները ոգևորել են Հասմիկին և նա անհաբերությամբ սպասում է ելակի բերքահավաքին։
Օրվա գերակշիռ մասը Հասմիկն անցկացնում է ջերմոցում։ Նույնիսկ տարածքի խեղդող շոգը նրան չի խանգարում մեծ խնամքով մշակել փոքրիկ սածիլները, օրական մի քանի անգամ չափել հողի խոնավությունն ու հետևել ջերմաչափին՝ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու կամ օդափոխություն իրականացնելու համար։
Հասմիկն անընդհատ ուսումնասիրում է ելակի աճեցման նորագույն տեխնոլոգիաների կիրառումն արտերկրում և Հայաստանում։ Նա մտադրված է ստացված եկամուտն ուղղել ջերմոցային տնտեսության ընդլայնմանն ու պայմանների բարելավմանը՝ հարկադարակներ ավելացնել կոկոսի մանրաթելերում ելակ աճեցնելու համար և ձեռք բերել բելգիական հատուկ մեղուներ, ինչը թույլ կտա ավելացնել բերքի ծավալները և ապահովել ավելի մեծ եկամուտ։
Նրա երազանքներից մեկն է նաև Արփենի համայնքը դարձնել կարմիր էկզոտիկայի մշակման վայր և փոխել մարդկանց մոտ ձևավորված կարծրատիպը, որ Շիրակի մարզում միայն կարտոֆիլ և հացահատիկ կարելի է մշակել։
Ծրագրին անդրադարձել են նաև Գյումրիի “Ցայգ” հեռուստաընկերությունը և hetq.am լրատվականը
Hetq.am-ի պատրաստած նյութին կարող եք ծանոթանալ այս հղումով
“Ցայգ” հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը՝ ստորև