Անուշավանի արվեստի դպրոցը մեկ տարեկան է

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Անուշավանի երիտասարդների ու դպրոցականների համար իր դռները բացեց համայնքի արվեստի դպրոցը։ 28 տարվա ընդմիջումից հետո դպրոցը կրկին լցվեց երեխաների աշխուժությամբ, հայրենասիրական երգերով ու պարերով, իսկ երբեմնի մռայլ պատերը զարդարվեցին երեխաների պատկերած ամենավառ նկարներով։

Արվեստի դպրոցի վերանորոգման աշխատանքները մեկնարկեցին 2018թ․ դեկտեմբերին՝ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Անուշավանի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։  Մոտ 3 ամիս տևած աշխատանքների արդյունքում ամբողջովին վերանորոգվեցին ու կահավորվեցին մշակույթի տան 2 մեծ սրահները, որտեղ գործում են նկարչական ու պարարվեստի խմբակները։ Հիմնովին վերանորոգվեց, կահավորվեց ու տեխնիկապես համալրվեց  նաև շենքում գտնվող դահլիճը՝ նախատեսված հանդիսությունների ու մեծամասշտաբ միջոցառումների համար։ Շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվեցին համայնքի անդամների ուժերով հասարակական հիմունքներով։

Արվեստի դպրոցն իր գործունեությունը սկսեց նկարչական և պարի խմբակներ հաճախող ընդամենը 41 սաներով, սակայն նրանց թիվն այսօր արդեն 77 է, իսկ գործող երկու խմբակներին ավելացել է նաև դհոլի խմբակը։ Կան նաև հերթագրված ավելի քան 15 երեխաներ, ովքեր սպասում են նոր ուսումնական տարվա մեկնարկին։ Բացի հիմնական խմբակներից երեկոյան ժամերին գործում է նաև պարի սիրողական խմբակը, որտեղ հաճախում են համայնքի երիտասարդները։ Արվեստի դպրոցի բացումը ոչ միայն նպաստել է համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը, այլ նաև ստեղծել է 5 աշխատատեղ, իսկ սեպտեմբերին նախատեսվող կավագործության ու շախմատի խմբակների բացումով կավելանա ևս 2 նոր հաստիք։

Խոսելով այս 1 տարվա արդյունքների ու ձեռքբերումների մասին, Արվեստի դպրոցի տնօրեն Մանիկ Հակոբյանն ընդգծեց այն հանգամանքը, որ դպրոցն արդեն իսկ պետականորեն հաստատված հիմնարկություն է, ավարտելուց հետո սաներին տրվում են դիպլոմներ, ինչը թույլ է տալիս ցանկության դեպքում կրթությունը անարգել շարունակել արվեստի ոլորտի բարձրագույն հաստատություններում։ Մեկ տարվա գործունեության արդյունքում պարի և նկարչական խմբակների սաներն հասցրել են մասնակցել բազմաթիվ մրցույթների, ցուցահանդեսների ու փառատոնների, ակտիվ մասնակցություն ունեցել համայնքային բոլոր միջոցառումներին։ Կազմակերպվել են նաև հանդիպումներ արվեստի ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ, կազմակերպվել են  ճանաչողական այցելություններ դեպի թանգարաններ և մարզի տեսարժան վայրեր։ Այս պահին էլ դպրոցի սաներն ու ուսուցիչները զբաղված են կազմակերպչական աշխատանքներով՝ նկարչական խմբի սաներն ավարտին են հասցնում խաղաղությանը նվիրված իրենց աշխատանքները՝ Բելառուսիայում կազմակերպված միջազգային մրցույթին ուղարկելու համար, պարի խմբակի սաները պատրաստվում են մարտի 8-ին Գյումրիում կայանալիք համերգին մասնակցելու, իսկ դհոլի խմբակն առաջին անգամ հանդես է գալու Երևանում։

 

«Մեր ամենամեծ ձեռքբերումներից կուզենայի առանձնացնել համայնքի բնակիչների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ։ Նրանք մեծ հիացմունքով են հետևում մեր աշխատանքներին ու սաների հաջողություններին, մենք դարձել ենք նրանց պարծանքը, սպասումները շատ մեծ են։ Արվեստի դպրոցն այնքան սիրված ու գնահատված է բնակչության կողմից, որ վերջերս՝ հունվարի 26-ին կայացած համայնքային ընդհանուր ժողովի ժամանակ, որին մասնակցում էր գյուղի բնակչության մեծ մասը, ի զարմանս ինձ, առկա խնդիրների առաջնահերթությունը դասակարգելիս բոլորը միաբերան կարևորեցին դպրոցի ջեռուցման հարցը, չնայած որ արդեն տևական ժամանակ է համայնքում առաջնահերթ խնդիրների թվում էր 2-րդ ջրամբարի կառուցումը։

Շատ են լինում դեպքեր, երբ դրսից լսելով երաժշտության հնչյունները, համայնքի բնակիչներն անսպասելի գալիս ներս են մտնում, նայում նվագող ու պարող մեր փոքրիկներին հիանում են, ոգևորում ու մեզ շնորհակալություն հայտնելով հեռանում։ Այս ամենն անչափ ուրախացնում է մեզ և միևնույն ժամանակ պարտավորեցնում է՛լ ավելի քրտնաջան աշխատելու և ավելի մեծ արդյունքներ գրանցելու համար, որպեսզի արդարացնենք թե՛ ծնողների և թե համայնքի բնակիչների սպասելիքները»,- նշեց Մանիկ Վարդանյանը։

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ թիմը նույնպես շնորհավորում է Արվեստի դպրոցի աշխատակազմին ու աշակերտներին 1 ամյակի կապակցությամբ։ Մեզ համար չափազանց հաճելի է տեսնել ձեր բոլորի նվիրված ու պատասխանատու աշխատանքը, հոգատար վերաբերմունքը սաների նկատմամբ։ Անչափ գնահատում ենք բոլոր հարցերում համայնքապետարանի աջակցությունն ու սերտ համագործակցությունը։ 1-ամյա դպրոցին մաղթում ենք երկարակեցություն, շարունակական զարգացում ու նորանոր ձեռքբերումներ։