15 Հունվար, 2019թ․
Օրերս Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) Վիեննայի գրասենյակից մեզ էին ուղարկել «Աշխարհի լուրեր» ամսագրի 2018թ-ի վերջին համարը, որի մեջ իր տեղն էր գտել նաև «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակից Ա. Նիկոլյանի մասին ակնարկը, որտեղ Արփինեն կիսվել էր կազմակերպության գործունեության,երիտասարդների հետ տարվող աշխատանքների ու ծրագրերի մասին, ինչպես նաև «Եվրոպական Ֆորում Ալպբախ 2018»-ից ստացած իր տպավորություններով:
«Աշխարհի լուրեր» ամսագիրը տպագրվում է տարեկան 4 անգամ՝ տարածվելով շուրջ 43 հազար ընթերցողների շրջանում և տեղեկացնելով Ավստրիական զարգացման գործակալության ընթացիկ ծրագրերի, նախագծերի ու միջազգային համագործակցությունների մասին:
Հիշեցնենք, որ 2018թ-ի օգոստոսի 14-31 Ավստրիայի Ալպբախ քաղաքում կայացավ «Բազմազանություն և կայունություն» խորագրով եվրոպական երիտասարդական համաժողով, որին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ից մասնակցեցին Արփինե Նիկոլյանն ու Աննա Սիմիտչիևան։ Համաժողովին մասնակցելու համար վերջիններիս կրթաթոշակ էր տրամադրել Ավստրիական զարգացման գործակալությունը (Austrian Development Agency) և Ավստրիական Տելեկոմ ընկերությունը (Austrian Telecom)։
Ֆորումին ներկա էին թվով 700 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից երիտասարդական աշխատողներ, ուսանողներ, հետազոտողներ, տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, նախարարներ, բիզնեսի, կրթության, մշակույթի և այլ ոլորտի ներկայացուցիչներ: Այն մասնակիցները, ովքեր ԱԶԳ -ից ստացել էին կրթաթոշակներ հնարավորություն էին ունեցել ներկա գտնվելու և մասնակցելու կոնֆլիկտող երկրներից հրավիրված քաղաքական գործիչների բանավեճերին, հանդիպումներին և քննարկումներին: Ֆորումին իրենց մասնակցությամբ էին հանդես եկել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ավստրիայի արտգործնախարար Կարին Քնայսնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Ավստրիայի պետական և քաղաքական գործիչ Հայնց Ֆիշերը, Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլտերը և այլոք: