Ցողամարգում հարգել են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը

Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցն հարգել են նաեվ Ցողամարգ համայնքում: Հիշատակման միջոցառումը կազմակերպվել էր Համայնքային կենտրոնի պատասխանատուի, դպրոցի տնօրենի եվ կամավորների նախաձեռնությամբ ու համայնքապետի ֆինանսական աջակցությամբ: Մեծ էր հատկապես դպրոցականների եվ երիտասարդների թիվը, ովքեր Ցեղասպանությունը ճանաչելու կոչերով ու պաստառներով ծաղիկներ դրեցին գյուղի Հայոց Եղեռնի անմեղ զոհերին նվիրված գերեզմանին: Այստեղ ուսուցիչները մեկ անգամ եվս երեխաներին ներկայացրեցին հայ ժողովրդի պատմության այս արյունալի էջը:

1920 թվականին Ցողամարգում թուրքերի կողմից դաժանաբար սպանվել է ավելի քան 400 մարդ, որն այդ ժամանակ կազմում էր գյուղի բնակչության  մոտ 60 տոկոսը: Գյուղի հարավ-արեվմտյան բարձունքը տեղացիների խոսքերով կոչվում է «Մեռելի արտեր», որտեղ 1920թ. մի քանի գյուղերից հավաքելով հարյուրավոր հայերի, անխնա կոտորել են:

«Այս միջոցառումը բոլորիս հոգու պարտքն է եվ այսկերպ պետք է եկող սերունդներին փոխանցենք մեր պատմությունն ու մշակույթը: Այն մշտպես կմնա մեր գիտակցության մեջ եվ քանի դեռ չի դատապարտվել ու ճանաչվել Հայոց Ցեղասպանությունը աշխարհի կողմից, պետք է անընդհատ հիշատակենք եվ կատարենք համապատասխան քայլեր մեր նպատակին հասնելու համար»,- նշեցին կազմակերպիչները:

Այնուհետեվ գյուղի մատուռում մասնակիցները մոմեր են վառել եվ խնկարկել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: