Հիմնադրման պատմությունից

(հետադարձ հայացք)

history3

1988թ. երկրաշարժից անցել էր 4-5 տարի: Ծանր տարիներ էին: Հոգեբանորեն շատ դժվար էր համակերպվել նոր իրավիճակին, շուրջդ տեսնել մարդասիրական  օգնության սպասող մարդկանց, առօրյա անլուծելի հոգսերի ու խնդիրների տակ հուսալքված հայացքներ: Ճիշտ է, աշխատանք ունեինք, շատերի նման գործազուրկ չէինք, սակայն այդ աշխատանքը բավարար չէր ստեղծված հոգեբանական ճգնաժամից դուրս գալու համար, հարկավոր էր ավելին անել: Ուզում էինք «գտնել մեզ», օգտագործել մեր ներուժը  և աջակցել նաև մեր շրջապատի կանանց:

Վերջապես ստեղծվեց հարմար առիթը: 1996թ. ապրիլ ամիսն էր: Պատահական ինֆորմացիա ստացանք, որ  Երևանից Գյումրի են գալիս կանանց հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ցանկանում են հանդիպել Գյումրու կանանց և կանանց ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Նա ներկայացրեց 1995թ. ստեղծված կազմակերպությունը, խոսեց իրականացված գործունեության մասին և ցանկություն հայտնեց  Գյումրիում ստեղծել մասնաճյուղ: Ինձ ու Արմինե Միքայելյանին առաջարկվեց նույնպես անդամակցել կազմակերպությանը: Այդ օրվանից Ջեմմա Հասրաթյանը դարձավ իսկական ուսուցիչ մեզ համար: Նրա հետ ունեցած յուրաքանչյուր հանդիպում  լիդերության դաս էր մեզ համար, փորձում էինք բաց չթողնել ոչ մի հանդիպում, ոչ մի կլոր սեղան կամ դասընթաց: Տառացիորեն աշխատում էինք օգտվել մեզ ընձեռված այդ մեծ հնարավորությունից և սովորել, աշխատել, չընկրկել ոչ մի դժվարությունից:

Նպաստել զարգացմանը տեղական մակարդակում

history4

Որպես «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի»  Գյումրու մասնաճյուղ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին ներկայացրինք մեր առաջին ծրագիրը «Սեյսմիկ կուլտուրա՝ հայացք դեպի ապագա», որը նպատակաուղղված էր Գյումրի քաղաքի  ավելի քան 42 դպրոցների տարրական դասարանների աշակերտներին ուսուցանել սեյսմապաշտպանական վարքականոններ:

1997թ. մնալով ասոցիացիայի անդամ՝ մենք հիմնադրեցինք «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը՝ միավորելով բարձրագույն կրթություն ունեցող մի խումբ  համախոհների: Կազմակերպության նախագահ դարձավ Արմինե Միքայելյանը: Աշխատում էինք գիշեր ու ցերեկ մի փոքրիկ սենյակում, որը մեզ սիրով տրամադրել էր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Սերգեյ Նազարեթյանը:

Անցան տարիներ, կազմակերպությունը կայացավ, ճանաչում ձեռք բերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Համագործակցություն, համատեղ ծրագրերի իրականացում, մասնակցություն միջազգային ծրագրերի, կազմակերպության գործունեության ներկայացում միջազգային գիտաժողովներում, դասընթացներում, փորձի փոխանակում. ահա գործողությունների հիմնական ուղղությունների այն հակիրճ ցանկը, որն իրականացրել և իրականացնում է «Կանայք հանուն զարգացման»  հասարակական կազմակերպությունը վերջին տասը տարիների ընթացքում: Կազմակերպության գործունեության և նրա միջազգային ճանաչման գործում մեծագույն ներդրում է ունեցել Արմինե Միքայելյանը: Նրա անձնական մեծ հմայքի, աշխատասիրության, առաջնորդին հատուկ հատկանիշների, մարդկային հարաբերություններ ստեղծելու և դրանք պահպանելու շնորհիվ մենք այսօր էլ շարունակում ենք լայնածավալ գործունեություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս, փորձում լավագույն կողմերով ներկայանալ և ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում:

history6

history7

Գոհար Մարկոսյան

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ