Թորոսգյուղ

Պատմա-աշխարհագրական ակնարկ

Մակերեսը` 1226 հա,
Բնակչություն` 316:
Թորոսգյուղը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսային լանջին:
Գյուղի հիմնադրումը համարվում է 1828թվականը: Համայնքը հարակից է Գոգհովիտ, Արփենի, Ցողամարգ բնակավայրերին:
Թորոսգյուղը հիմնադրվել է 1828-30 թթ. Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Բասեն գավառի Վերին Բասենի Հարսենքար գյուղից տեղահանված գաղթականների կողմից: Գյուղի ազգաբնակչությունը բացառապես հայեր են: 1933թ. հիմնադրվել է Թորոսգյուղի կոլտնտեսությունը, որը 1978թ. վերածվել է պետական տնտեսության, իսկ 1991թ. լուծարվել: Հիշյալ ժամանակահատվածում գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հանդիսացել հացահատիկային կուլտուրաների` ցորեն, գարի և կերային մշակաբույսերի` կորնգանի հաջորդական մշակումը, կարտո‎ֆիլի մշակումը, ինչպես նաև անասնապահությունը:
1990-94 թթ.-ին գյուղում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթաց և ձևավորվել են գյուղացիական տնտեսություններ:

1865թ. գյուղում վերակառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին, որը խորհրդային տարիներին ծառայել է որպես դպրոց, այնուհետև պանրի գործարան և անուշադրության հետևանքով երկայումս գտնվում է կիսաքանդ վիճակում:

Դպրոցը հիմնադրվել է 1920թ., իսկ 1990թ. կառուցվել է նոր` տիպային երկհարկ շենք: 1938թ. համայնքում սկսել է գործել մշակույթի տունը: 1990թ. կառուցվել է նոր երկհարկանի շենք:

Գյուղը գազաֆիկացված չէ, չունի հեռախոսակապ:

Համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1900 – 1960 մ բարձրության վրա:

Այժմյան գյուղի ընդհանուր մակերեսը կազմում է 1226 – 1372 հա, իսկ բնակչությունը կազմում է` 316 մարդ:

Գյուղն ունի 75 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: 1975թ. գյուղում կառուցվել է հուշարձան Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Գյուղն ունի խմելու ջրի մեծ պաշարներ, որոնք գոյանում են բնական աղբյուրների հաշվին:

Թորոսգյուղի «Համայնքային կենտրոն»

Թորոսգյուղում  «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2011թ.-ին ստեղծվել է Համայնքային կենտրոն, որի նպատակն է խրախուսել առողջ և խաղաղ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը համայնքում՝ աջակցելով խաղաղ և առողջ միջավայրի ստեղծմանը: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում զարգացնելու հետաքրքրություն և մասնակցային մոտեցում Թորոսգյուղ համայնքի անդամների շրջանում՝ ձևավորելու խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման մշակույթ, զարգացնելու առողջության պահպանման և առողջ ապրելակերպի հմտություններ Թորոսգյուղ համայնքի անդամների շրջանում, ակտիվացնելու աշխատանքը խաղաղասեր և առողջ կենտրոնների ինստիտուցիոնալացման ուղղությամբ:
Համայնքային կենտրոնի գոյության 2 տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվիստների խումբ, որոնց մասնակցությամբ աշխատանքներ են տարվում վեր հանելու համայնքի առաջնային խնդիրները և փորձում լուծել դրանք:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ եւ «Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, դպրոցի եւ մանկապարտեզի աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքի անդամների հետ համատեղ մշակվել է Թորոսգյուղի 2017-2020թթ. համալիր զարգացման պլանը: Ռազմավարական ծրագիրը սահմանում է համայնքի զարգացման հիմնական ուղղությունները  4 տարիների համար: Այն կդառնա ուղեցույց համայնքային ծառայությունների մակարդակի և որակի պահպանման, խթանման ու բարձրացման համար: Մեծ ազդեցություն կունենա համայնքի բնակիչների համախմբման ու համայնքի խնդիրներին մասնակցության բարձրացման գործում:

Երիտասարդական ակտիվ խումբ

Թորոսգյուղի երիտասարդական ակտիվ խումբը ձևավորվել է 2018թ հոկտեմբեր ամսին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Երիտասարդական ակտիվ խմբի նպատակն է օգնել աշխուժացնել գյուղի դժվարին ու միապաղաղ առօրյան, նպաստել երիտասարդների կարողությունների զարգացմանը, խթան հանդիսանալ համայնքի մոբիլիզացիայի և զարգացման համար:

Սկզբնական շրջանում խումբը բաղկացած էր 16-27 տարեկան թվով 4 երիտասարդներից, այսօր արդեն խումբն ունի 16 անդամ։ Երիտասարդական ակտիվ խմբի ղեկավարը Էմմա Հարությունյանն է, ով կարողացել է իր շուրջն համախմբել ոչ միայն պատանիներին և երիտասարդներին, այլ նաև համայնքի բնակիչներին։

Թորոսգյուղի երիտասարդական ակտիվ խմբի ռազմավարական պլան