ԿՀԶ ՀԿ հիմնադրման պատմությունից

history3«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հիմնադրվել է 1997թ․ Գյումրիում։ Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են գյուղական համայնքների զարգացումը, կանանց ու երիտասարդների հզորացումը, կանանց ձեռներեցության խթանումը և կոնֆլիկտների կառավարման կրթությունն՝ իր ֆորմալ և ոչ ֆորմալ  դրսևորումներով։

Կազմակերպության հիմնադիրները կանայք էին: Սա նշանակում է, որ կանանց հուզող հարցերին խորությամբ տիրապետող անձինք էին մեկտեղվել մեկ գաղափարի շուրջ: Ոչ ոք չի ժխտի, որ բոլոր ժամանակներում կանայք են պատասխանատվություն կրել թե՛ սեփական անձի, թե՛ ընտանիքի անդամների առողջության պահպանման համար: Հաշվի առնելով այդ հանգամանքը, կազմակերպությունը, 1999-2007թթ-ին, Շիրակի մարզի 70 գյուղական համայնքներում որոշեց հիմնել «Առողջ ընտանիք» կենտրոններ: Դրանք հագեցած էին առաջին անհրաժեշտության դեղորայքով և սարքավորումներով: Կենտրոնների հիմնմանը զուգահեռ վերապատրաստվեցին ավելի քան 100 բուժքույրեր, սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ կանխարգելման, ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության և առողջ ապրելակերպի վերաբերյալ նախնական գիտելիքներ ստացան ավելի քան 4000 կանայք և երիտասարդներ։

Առողջապահական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքը մեծ փորձառություն էր  կազմակերպության համար: Մենք մոտիկից ճանաչեցինք գյուղը, մարդիկ սկսեցին վստահել և կիսվել իրենց հուզող հարցերով: Մենք տեսանք, թե որքան  մեծ պոտենցիալ կա համայնքներում և համապատասխան հմտություններ, կարողություններ ունենալու դեպքում որքան շատ բան կարող է անել տեղի բնակչությունը համայնքի զարգացման համար։ Այս ամենը հիմք հանդիսացավ մեր հետագա ռազմավարության և աշխատանքի նոր մոտեցումների մշակման համար։

2008թ-ից Շիրակի մարզի 15 գյուղական համայնքներում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ մեկնարկեց համայնքների զարգացմանն ուղղված համակարգված գործունեություն՝  որպես սկզբունք ունենալով «Ոչ թե համայնքի համար, այլ միասին՝ հանուն համայնքի» կարգախոսը։

Շահառու համայնքներում հիմնվեցին համայնքային կենտրոններ, ձևավորվեցին համայնքային ակտիվ խմբեր, ավելի քան 600 բնակիչ՝ այդ թվում կանայք և երիտասարդներ, մասնակցեցին կարողությունների զարգացմանն ուղղված ամենատարբեր դասընթացների, իրենց համայնքների զարգացման այլընտրանքային ռազմավարական պլանների մշակմանը, ձևավորվեց գործնական համագործակցություն տեղական և մարզային իշխանության, տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև։ 2008-2021թթ.-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ ֆինանսական աջակցությամբ իրականցվեցին մշակութային, սպորտային, կրթական, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ավելի քան 84 սոցիալական ծրագրի: Հիմնվեց չորս համայնքահեն հասարակական կազմակերպություն՝ այդ թվում ««Սարապատ» գործողությունների իրականացման տեղական խումբ» հասարակական կազմակերպությունը։ Վերջինս, կազմակերպության կողմից 2020թ. Շիրակի մարզի 8 բնակավայրերում գյուղական համայնքների զարգացման Եվրոպական ԼԻԴԵՐ մոտեցման ներդրման հիմնական արդյունքներից մեկն է։

Համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հատուկ ուշադրության է դարձնում գյուղական երիտասարդության կարողությունների զարգացմանը, ձեռներեցության և հատկապես կանանց ձեռներեցության խթանմանը, համայնքի անդամների՝ մասնավորապես դպրոցականների շրջանում կոնֆլիկտների կառավարման հմտությունների ուսուցմանը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության զարգացմանը։ 2017-2021թթ.-ին Շիրակի մարզի շահառու  համայնքներում ձևավորվել է երիտասարդական 8 ակտիվ խումբ՝ վերանորոգված, կահավորված և տեխնիկապես հագեցած կենտրոններով: Կազմակերպությունը ֆինանսավորել է 28 փոքր բիզնես ծրագիր, որից 23-ը՝ կանանց կողմից կառավարվող, գործում է 8 ֆորում թատրոն խմբակ, 12 համայնքներում իրականացված ավելի քան 84 սոցիալական ծրագրերում գումարի մոտ 22 տոկոսը ներդրել են համայնքի բնակիչներն ու տեղական իշխանությունները։ Սա խոսում է համայնք-բնակիչ-հասարակական կազմակերպություն եռակողմ փոխհամաձայնեցված աշխատանքի ու վստահության մասին:

Առողջապահական և համայնքային զարգացման ծրագրերին զուգահեռ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ծավալուն աշխատանքներ է կատարել կոնֆլիկտների կառավարման կրթությունը դպրոցական կրթական համակարգ ներմուծելու ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվել է 2002-2017թթ-ին՝ Կրթության նախարարության ենթակայության տակ գտնվող Կրթության Ազգային ինստիտուտների հետ համատեղ: Ծրագրում ներառվել են Հայաստանի 11 մարզերի 850 դպրոցների ավելի քան 4000 ուսուցիչ և 5-9-րդ դասարանների մոտ 70.000 դպրոցական։ Կազմակերպության կողմից մշակված Կոնֆլիկտների կառավարման կրթության մոդելը բարձր գնահատականի է արժանացել տարբեր միջազգային կառույցների կողմից։

Տեղական և միջազգային հարթակներում Կոլնֆլիկտների կառավարման կրթության ոլորտում ԿՀԶ ՀԿ հաջողված փորձը տարածելու նպատակով ի թիվս տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, աշխատանքային հանդիպումների, կազմակերպվել են նաև 2 միջազգային գիտաժողովներ։

Առաջին գիտաժողովը կազմակերպվել էր 2007թ-ին, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ, Հայաստանի ու Վրաստանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահառու դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և այլն։ 2017թ-ին կազմակերպված 2-րդ գիտաժողովն շատ ավելի ընդգրկուն էր իր ներկայացուցչական կազմով։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով 25 երկրներից Գյումրի էին ժամանել 130 մասնակիցներ, այդ թվում՝ գիտաժողովի պատվավոր խոսնակներ Ավստրայից, ԱՄՆ-ից, ՄԻացյալ Թագավորությունից և Հայաստանից։ Կոնֆերանսի մասնակիցների թվում էին ոչ միայն տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլև Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ ու մագիստրոսներ։ Վերջիններիս համար մասնակցությունը կոնֆերանսին դարձավ յուրատեսակ դպրոց՝ զարգացնելու սեփական հմտություններն ու կարողությունները խաղաղության կրթության, կոնֆլիկտների կառավարման և տարբեր երկրներում առկա մոտեցումների ուսումնասիրման ուղղությամբ։ Այս համաժողովը կազմակերպության պատմության ամենանշանակալի դրվագներից մեկն է։

Ներկայումս կոնֆլիկտների կառավարման կրթությունը ոչ ֆորմալ եղանակով ապահովվում է համայնքներում հիմնված ֆորում թատրոն խմբակների միջոցով։