“Քաղցր Արեգ” հրուշակեղենի արտադրություն

sweet aregԴրամաշնորհառու՝ Գոհար Դավթյան,

Շիրակի մարզ, Անուշավան համայնք

Դրամաշնորհի գումար – 1.109.000 ՀՀ դրամ

Որդու՝ Արեգի անունով կոչվող հրուշակեղենի արտադրամասի հիմնումը Գոհարի վաղեմի երազանքներից մեկն էր։ Գոհարն անչափ սիրում է խոհանոցը, որտեղ ոչ միայն պատրաստում է համեղ ուտեստներ ու թխվածքներ, այլ նաև մեծ սիրով ստեղծագործում՝ փնտրում և գտնում ուտեստների մատուցման և ձևավորման նոր մոտեցումներ։  Նույնիսկ իր փոքրիկի համար պատրաստվող ամենօրյա նախաճաշերն է հատուկ ձևավորում, որպեսզի երեխային գրավիչ ու հաճելի լինի ուտելը։

Գոհարի խոհարարական հմտությունների առաջին գնահատողը ընտանիքի անդամներն են, ընկերներն ու հարազատները. «Շատ հաճախ մեր տան համար պատրաստած թխվածքներն      ու տղայիս նախաճաշիկները տեղադրում էի իմ ֆեյսբուքյան էջում և ստանում խրախուսական ու գովեստի խոսքեր, ինչն ինձ ինքնավստահություն ներշնչեց։ Այստեղից էլ միտք առաջացավ, որ կարող եմ նաև իմ փոքրիկ բիզնեսը սկսել։ Երբ լսեցի ծրագրի մասին, որոշեցի բաց չթողնել ընձեռնված հնարավորությունը», – մեզ հետ զրույցում պատմեց Գոհարը։

GoharԻնձ համար իմ նորաստեղծ բիզնեսն առաջին հերթին հարթակ է ստեղծագործելու, մշակելու նոր, գեղեցիկ, համեղ և տարբերվող քաղցրավենիքների բաղադրատոմսեր: Այն ինձ հնարավորություն է տալիս զբաղվել իմ սիրած գործով, միաժամանակ գումար վաստակել և ֆինանսապես աջակցել ընտանիքիս: Պատասխանատվությունն ու սերն հաջողության առաջին գրավականն են ցանկացած գործում  և հենց այդ սկբունքով էլ առաջնորդվում եմ:

Մասնագիտությամբ դեղագործ-դեղագետ Գոհարն իր փորձարարական գիտելիքներն այսօր կիրառում է ընդարձակ ու անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած խոհանոցում՝ միախառնելով ավանդականն ու նորարարականը՝ կատարելագործելով և զարգացնելով սեփական մտահղացումները։ Նրա պատրաստած թխվածքներն ու աղանդերներն էապես տարբերվում են խանութներում վաճառվող թխվածքներից, քանի որ պատրաստվում են բացառապես տնական մթերքներով և նորարար մոտեցումներով մշակված հեղինակային բաղադրատոմսերով։

Գոհարի համար շատ օգտակար էր նաև ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնաճանաչողական այցը Գյումրիում գործող “Camellia Cakes”թխվածքների արտադրամաս, որտեղ նա ծանոթացավ արտադրամասի տարբեր բաժիններին, մեծածավալ արտադրություն կազմակերպելու նրբություններին, բացահայտեց մասնագիտական և մարկետինգի որոշ գաղտնիքներ և  թե ինչպես կարելի է նման հաջողության հասնել՝ ձեռքի տակ ունենալով ընդամենը 1 հարիչ:

Նախաձեռնած գործում Գոհարը շատ է կարևորում ընտանիքի բոլոր անդամների աջակցությունը, ովքեր մշտապես քաջալերել ու սատարել են իր բոլոր նախաձեռնությունները։

Տանը կից կառուցվող արտադրամասի շինարարական աշխատանքներն իր վրա վերցրած Գոհարի ամուսնու՝ Սամսոնի պատասխանատվությունն ու ոգևորությունն այնքան մեծ էր, որ աշխատելով Երևանում, գրեթե ամեն օր Սամսոնը եկել է Անուշավան և շինարարական աշխատանքները կատարել մինչև ուշ գիշեր, որպեսզի ամեն ինչ ժամանակին հասցնեն։

Գոհարն այլ նպատակներ ևս ունի.  բիզնեսի հաջողության դեպքում  մտադիր է կազմակերպել խոհարարական դասընթացներ համայնքի երիտասարդ աղջիկների և կանանց համար և հիմնել իր փոքրիկ սրճարանը՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Իր գործի հաջողության գրավականը Գոհարն համարում է սերն ու պատասխանատվությունը և համոզված է, որ ամեն ինչ իրագործելի է, եթե կա ցանկություն։