Կայացավ Ֆորում թատրոնի առաջին հեռավար ներկայացումը

22.04.2020

ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում գործող Ֆորում թատրոն խմբակների աշխատանքը նույնպես տեղափոխվել է առցանց տիրույթ։ Ցողամարգի Ֆորում թատրոնի պատասխանատու Ալլա Խաչատրյանի նախաձեռնությամբ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու խմբակի անդամների կողմից պատրաստած առաջին հեռավար ներկայացումը: Ներկայացման սյուժեն ընտրվել էր ներկա իրավիճակին համապատասխան և արտացոլում էր երեխաների ու ծնողների միջև առաջացած կոնֆլիկտները՝ հայտարարված արտակարգ դրության պատճառով։

Ներկայացմանը մասնակցում էին շահառու համայնքների ֆորում թատրոն խմբակների պատասխանատուներն ու Ցողամարգի խմբակի անդամները։ Չնայած հեռավար տարբերակին, հանդիսատեսը մեծ ոգևորությամբ քննարկեց ներկայացումը՝ համարելով այն ինքնատիպ և ուսանելի ուղերձ բոլոր ծնողների համար։ Մասնակիցների խոսքերով, ծնողներն իրենց սեփական վարքագծով պետք է օրինակ ծառայեն երեխաներին՝ հետագայում փոխադարձ վստահություն ձեռք բերելու և կոնֆլիկտներից խուսափելու համար։

Հեռավար հանդիպման ավարտին Ֆորում թատրոն խմբակների պատասխանատուները վստահեցրեցին, որ դասերը վերսկսվելուն պես իրենք անպայման շարունակելու են խմբակների պարապմունքները, քանզի երեխաների մոտ նույնպես ոգևորությունը մեծ է և անհամբեր սպասում են արդեն իսկ պատրաստած սյուժեների բեմականացմանը։

Լուսանկարներ