Նոր կենտրոն Անուշավանի երիտասարդական խմբի համար

22.04.2020

Anushavan youth centreՇինարարական խանութների գործունեությունը վերսկսելուն պես, մեկնարկեցին նաև Անուշավանի երիտասարդական խմբի համար նախատեսվող տարածքի շինարարական աշխատանքները։ Համայնքի երիտասարդների կողմից ներկայացված ծրագիրը նպատակ ունի հիմնել կենտրոն՝ Անուշավանի երիտասարդական խմբի անդամների աշխատանքային հանդիպումներն ու դասընթացները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են բացառապես համայնքի անդամների կամավորների ուժերով՝ ըստ կազմված ժամանակացույցի։

Դեռևս 2018թ․ հունվարից համայնքում գործող Երիտասարդական ակտիվ խմբի անդամները սեփական տարածք չունենալու պաճառով իրենց հանդիպումներն անցկացնում էին Արվեստի դպրոցում գործող պարի խմբակի դասասենյակում կամ խմբի անդամներից որևէ մեկի տանը, ինչը շատ ժամանակ անհարմարություններ էր ստեղծում երիտասարդների համար և խոչընդոտում վերջիններիս բնականոն աշխատանքը։ Համայնքապետ Ե․ Հակոբյանի աջակցությամբ Արվեստի դպրոցի սենյակներից մեկն հատկացվեց Երիտասարդական ակտիվ խմբին, որը վերանորոգելուց հետո որպես աշխատասենյակ կծառայի ոչ միայն երիտասարդների համար, այլ նաև համայնքում գործող Ֆորում թատրոն խմբակի անդամների պարապմունքները կազմակերպելու համար։

Երիտասարդական Կենտրոնի համար ձեռք է բերվել նաև համակարգիչ և պրոյեկցիոն սարք, ինչը կնպաստի երիտասարդների առավել արդյունավետ և տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը։ Կենտրոնի համար անհրաժեշտ գույքը ձեռք էր բերվել դեռևս նախորդ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 837․000 ՀՀ դրամ, որից 600․000 ՀՀ դրամը ներդրվել է ԿՀԶ ՀԿ կողմից, 200․000 դրամը՝ Անուշավանի համայնքապետարանի կողմից, իսկ մնացած 37․000 դրամը կենտրոնին է նվիրաբերել համայնքի բնակիչներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում։

Լուսանկարներ