Նամակ Բելգրադի մեր գործընկերներից

16.04.2020

Այսօր մենք անչափ սրտառուչ և միևնույն ժամանակ ոգևորող նամակ ստացանք Բելգրադի Sveti Sava ավագ դպրոցի մանկավարժ և հոգեբան Մարիա Զորնիկից, ում հետ  «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակիցներն հանդիպել էին 2019թ․ դեկտեմբերին՝ Բելգրադ կատարած այցի շրջանակներում։

Այցի նպատակը ԿՀԶ ՀԿ-ի և Սերբիայի Նանսենի Երկխոսության կենտրոնի համատեղ ծրագիրն էր, որը նախատեսում էր Խաղաղության կրթության փորձի փոխանակում գործընկեր կազմակերպությունների միջև /հանդիպման մանրամասները տե՛ս հետևյալ հղումով

Նամակում Մարիան իր մտահոգությունն էր հայտնում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նշում, որ հավասարապես անհանգստանում է թե՛ Սերբիայի և թե՛ Հայաստանի համար՝ հույս հայտնելով, որ այն հնարավորինս շուտ կավարտվի և մենք բոլորս կրկին հնարավորություն կունենանք վերադառնալու մեր բնականոն կյանքին։

Մարիայի խոսքերով, համատեղ հանդիպումը շատ ջերմ տպավորություն էր թողել իր և ավագ դպրոցի աշակերտների վրա, որից հետո սեփական նախաձեռնությամբ նրանք սկսել էին ուսումնասիրել Հայաստանի պատմությունը, մշակույթը, արվեստը և այլն։ Զուգահեռաբար ուսումնասիրելով «Գլոբալիզացիա» թեման, աշակերտները համեմատականներ են տարել Հայաստանի և Սերբիայի միջև և եկել այն համոզման, թե որքան կարևոր է մշակույթի և ազգային արժեքների պահպանումը հատկապես փոքր պետությունների համար։  Նամակին կից Մարիան ուղարկել էր Հայստանին նվիրված դասերից որոշ լուսանկարներ՝ նշելով, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով, ցավոք նախատեսված բոլոր թեմաները չեն հասցրել ավարտել և հիմա պլանավորում են դրանք շարունակել հեռավար եղանակով։

Սիրելի Մարիա, անչափ զգացված ենք Ձեր անկեղծ խոսքերի, ինչպես նաև հրաշալի նախաձեռնության համար, ինչն իսկապես շատ ոգևորող է։ Մենք նույնպես հետևում ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և անհանգստանում մեր բոլոր գործընկերների առողջության ու անվտանգության համար։ Համոզված ենք, որ շատ շուտով  մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերն ու կրկին կշարունակենք մեր արդյունավետ համագործակցությունը։

Ջերմ ողջույններ ենք հղում բոլորիդ Հայաստանից։