Երիտասարդական խմբերի աշխատանքների հաշվետվություն

Հոկտեմբերի 1-ին ԿՀԶ ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ շահառու համայնքների Երիտասարդական ակտիվ խմբերի անդամների հերթական հանդիպումը։ Նպատակն էր մասնակիցներին ներկայացնել վերջին 3 ամիսների ընթացքում իրենց կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև կիսվել միմյանց հետ նոր գաղափարներով, ունեցած հաջողություններով ու դժվարություններով։
Հանդիպմանը ներկա էին շահառու 4 համայնքների՝ Հողմիկ, Ցողամարգ, Թորոսգյուղ և Անուշավան համայնքների երիտասարդական խմբերի անդամները, ովքեր ողջ ամռան ընթացքում մեծ ակտիվությամբ են աշխատել իրենց համայնքներում՝ կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ տարիքային տարբեր խմբերի համար։ Կինոդիտումներ, ընթերցանության, նկարչության և այլ խմբակներ, ուխտագնացություններ, շաբաթօրյակներ, անգլերենի դասընթացներ, ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, սպորտային մրցումներ․․․ և սա դեռ ամբողջական ցանկը չէ երիտասարդների կողմից իրենց համայնքներում կազմակերպած միջոցառումների։
Հանդիպման ընթացքում երիտասարդական խմբերի պատասխանատուները մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ էին ներկայացնում իրենց աշխատանքների նկատմամբ համայնքների բնակիչների դրական վերաբերմունքը։ Այդ մասին են վկայում երեխաների ծնողների շնորհակալական խոսքերը, ովքեր նշում են, որ շնորհիվ երիտասարդական խմբերի, ամառային արձակուրդներն իրենց երեխաների համար  դարձան առավել հետաքրքիր ու բովանդակալից։

Օրեցօր մենք ավելի ենք զգում մեր համայնքի բնակիչների դրական վերաբերմունքը մեր աշխատանքների նկատմամբ։ Նրանք ոչ միայն հետաքրքրվում են մեր ծրագրերով, այլև  առաջարկում են իրենց աջակցությունը կամավորական սկզբունքով։ Երբ մեզ տեսսնում են մեր վերնաշապիկները հագած, ասում են հիմա ի՞նչ հետաքրքիր բան եք մտածել։ Անգամ մեր հերթական հանդիպումներից մեկի ժամանակ բնակիչներից մեկը մեզ համար քաղցրավենիք ու կարկանդակներ էր բերել, որպեսզի սոված չաշխատենք», -  Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի անդամ Կարեն Սարգսյան։

Հանդիպմանը ներկա երիտասարդներն անկեղծացան նաև, թե ինչպիսի անձնական փոփոխություններ են ձեռք բերել ակտիվ խմբին անդամակցելուց հետո։ Լսարանի առջև խոսելու համարձակություն, ինքնավստահություն, համախմբվածություն, միմյանց լրացնելու և թիմում աշխատելու կարողություն, ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն, պատասխանատվության զգացում, դասընթացներ վարելու և միջոցառումներ կազմակերպելու հմտություն ․․․ սրանք թվարկած այն փոփոխություններն են, որոնք նշեցին գրեթե բոլոր մասնակիցները։

Անուշավանի երիտասարդական խմբի պատասխանատու Մանե Վարդանյանի բնորոշմամբ խմբին անդամակցելը շրջադարձային է եղել իր կյանքում․ «Ես շատ գաղափարներ, ծրագրեր ունեի, որոնք միայնակ չէի կարող իրականացնել, բայց ի դեմս  ԿՀԶ ՀԿ-ի, համայնքապետի, համայնքի երիտասարդների ու բնակիչների ես բազմաթիվ համախոհներ ձեռք բերեցի, որոնց աջակցությամբ կարողացա իրականացնել իմ երազանքներից մեկը՝ հիմնեցինք Արվեստի դպրոցը։ Ես կարծես վերագտա ինձ և հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ինձ բավարարված ու երջանիկ եմ զգում, քանի որ կարողացա մեծ փոփոխություն մտցնել համայնքում և միևնույն ժամանակ զբաղվել իմ սիրած աշխատանքով»։

«Համատեղ աշխատանքների շնորհիվ ես կարողացա նոր ընկերները ձեռք բերել, արդեն գիտենք բոլորիս ուժեղ կողմերը և կարող ենք արդյունավետ օգտագործել», -  Ցողամարգի խմբի անդամ Անուշ Հովսեփյան։

«Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ կարողանում եմ իմ համայնքին ինչ-որ բանով օգտակար լինել։ Դա ինձ ավելի ոգևորում և պարտավորեցնում է, հատկապես երբ տեսնում եմ մարդկանց դրական վերաբերմունքը մեր կատարած աշխատանքների հանդեպ»,-  Շարվիկ Պետրոսյան, Թորոսգյուղ։

Հանդիպման ավարտին երիտասարդները կազմեցին նաև հաջորդ 3 ամիսների աշխատանքային պլան, կիսվեցին հետաքրքիր գաղափաներով։

 Լուսանկարներ