Կայացավ «Խաղաղության ուժը» խորագրով ցուցահանդեսը, 2018

Please try entering https://graph.facebook.com/2269728529768238/photos?fields=source,link,name,images,album&limit=1000 into your URL bar and seeing if the page loads.

Նոյեմբերի 3-ին Երևանի Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայացավ «Խաղաղության ուժը» խորագրով 3-րդ համահայաստանյան նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան և Հայաստանում «թավշյա» հեղափոխությանը։

Մրցույթը կազմակերպվել էր «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից՝ «Խաղաղության կրթություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակներում։

Մրցույթին մասնակցել են  Հայաստանի 11 մարզերի 57 դպրոցների 262 աշակերտներ։

 Ողջունելով ներկաներին, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն իր խոսքում նշեց․ «Հատկանշական է, որ «Խաղաղության ուժը» անունը կրող ցուցահանդեսը մենք բացում ենք նո՛ր Հայաստանում, նո՛ր իրականության պայմաններում, որտեղ մենք բոլորս փոքրից մինչև մեծ ապրում ենք հպարտության մեծ զգացումով։ Ելնելով կոնկրետ իրավիճակից, յուրաքանչյուր տարի փոխվում են նաև երեխաների պատկերացումները խաղաղության մասին։ Եթե առաջին մրցույթին երեխաների մեծ մասն իրենց նկարներում պատկերել էին հիմնականում խաղաղության խորհրդանիշեր ու  տարածված պատկերացումներ, ապա ապրիլյան պատերազմից հետո դպրոցականների նկարներում գերակշռում էին զինվորական թեմայով աշխատանքները, որոնցում հայ դպրոցականները որպես խաղաղության խորհրդանիշ ու պահապան տեսնում էին հայ զինվորին։ Իսկ ահա 2018թ. հայտարարված «Խաղաղության ուժը» մրցույթին ներկայացված ստեղծագործությունները շատ ավելի գունեղ ու լավատեսական են։ Ի թիվս խաղաղություն, բարություն և հանդուրժողականություն սերմանող նկարների, մենք մեծ թվով նկարներ ստացանք, որոնք պատկերում են «թավշյա» հեղափոխությունը և Նոր Հայաստանը։ Երեխաներից շատերը որպես խաղաղության խորհրդանիշ պատկերել են իրենց իրավունքների ու ազատության համար պայքարող հայ ժողովրդին։ Նրանք իրենց նկարներում համեմատել են Սարդարապատի հերոսամարտն ու «թավշյա» հեղափոխությունը՝ որպես հայ ժողովրդի միասնականության, զարթոնքի ու հաղթանակների պայքար։  «Խաղաղության ուժը» նրանք տեսնում են բաց ձեռքերով պայքարի, հանդուրժողականության ու մարդասիրության վրա կառուցված հարաբերություններում՝ ցույց տալով, որ սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ շատ ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել, քան բռնություն գործադրելով։ Դա էր պատճառը, որ մեր այսօրվա ցուցահանդեսը որոշեցինք նվիրել  խաղաղության միջազգային օրվան և Հայաստանում «թավշյա» հեղափոխությանը»։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, դեսպանի կնոջ պաշտոնը , Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայսատանյան գրասենյակի նախագահ Նատալյա Մարտիրոսյանը, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մրցույթի հաղթող և լավագույն 50 աշխատանքների հեղինակներ, ուսուցիչներ ու ծնողներ։

«Խաղաղության ուժը» ցուցահանդեսի հատուկ հյուրն էր նաև գյումրեցի նկարիչ-զարդագործ Արտակ Թադևոսյանը, ով հայտնի է Հայաստանում և նրա սահմաններից դուրս իր յուրահատուկ արվեստով։ Նա պարկուճներից, զենքի կտորներից, զինամթերքի մնացորդներից ինքնատիպ զարդեր է պատրաստում։ Արտակն իր արվեստով կյանքի է կոչել մրցույթի մասնակից երեխաների պատկերացումները։ Նա, ինչպես և մեր երեխաները, պատերազմը վերածում է խաղաղության։
      Միջոցառման ընթացքում տարիքային 2 խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած 6 դպրոցականներ պարգևատրվեցին հատուկ մրցանակային գավաթներով ու պատվոգրերով, իսկ 50 լավագույն աշակերտների հանձնվեցին հավաստագրեր, մրցույթի խորհրդանշանով պատրաստված հատուկ մեդալներ ու խրախուսական նվերներ։

Ակտիվության և լավագույն արդյունք ցուցաբերելու համար հատուկ մրցանակի ու շնորհակալագրի արժանացավ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 2 դպրոցը։ Շնորհակալագրեր հանձնվեցին նաև այն ուսուցիչներին, ովքեր 3-րդ տարին անընդմեջ իրենց դպրոցների աշակերտներին ներգրավել են խաղաղության թեմայով մրցույթներում։

Մրցույթի հաղթող աշակերտների աշխատանքների հիման վրա տպագրվել են հատուկ բացիկներ ու օրացույցներ, որոնք տարածվելով թե՛ Հայաստանում և թե նրա սահմաններից դուրս, սփռում են խաղաղ պայմաններում ապրելու մեր երեխաների ամենամեծ երազանքը։

 03.11.2018
Facebook API came back with a faulty result. You may be accessing an album you do not have permissions to access.