⏳   Հարգելի այցելու, կայքը թարմացման փուլում է։  Հայցում ենք Ձեր ներողամտությունը։   ⏳  Dear visitor, the website is being updated. We apologize for the inconvenience.

Կայացավ «Ես խաղաղության սերմանացան եմ» նկարչական ցուցահանդեսը, 2017թ․

Սեպտեմբերի 21-ը Խաղաղության միջազգային օրն է, որի նախօրեին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով երկրորդ համահայաստանյան նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը:

Մրցույթն անցկացվել է Հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակներում՝ «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի աջակցությամբ:  

 

Մրցույթը նպատակ ուներ նկարչական ստեղծագործությունների միջոցով հայ դպրոցականների և հատկապես սահմանամերձ բնակավայրերի դպրոցականների խաղաղության ուղերձը հղել ողջ մարդկությանը՝ մեկ անգամ եվս ընդգծելով պատերազմների դադարեցման եւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Մրցույթին մասնակցել են Հայաստանի 11 մարզերի 101 դպրոցների 613 դպրոցականներ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է նախորդ մրցույթի մասնակիցների թիվը: Ցուցահանդեսի համար ընտրված 86 նկարների գրեթե բոլոր հեղինակները ներկա էին բացման հանդեսին՝ իրենց ծնողների կամ ուսուցիչների ուղեկցությամբ։

 

Միջոցառման հատուկ հյուրերից էր Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ն. Գ. Էյջի Տագուչին, ով ողջունելով ներկաներին, մեկ անգամ ևս ընդգծեց խաղաղության կարևորությունը ողջ մարդկության համար. «Խաղաղությունը շատ կարևոր է բոլորիս համար, հատկապես 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ մենք կորցրեցինք 3 մլն մարդ, իսկ աշխարհում՝ 60 մլն, մենք հասկացանք, որ Ճապոնիան պետք է դառնա աշխահում ամենախաղաղ երկիրը: Անցած 70 տարիների ընթացքում Ճապոնիայի կառավարությունը ամեն ջանք գործադրեց, որպեսզի հասնենք խաղաղության և պահպանենք այն: Սակայն բոլո՛ր երկրներն են պարտավոր պատասխանատվություն կրել աշխարհում խաղաղության հաստատման համար: Այն սկսվում է մեզանից՝ մեծահասակներից և փոխանցվում ձեզ՝ փոքրերիդ, որպեսզի դուք նույնպես շարունակեք այն պահել ու պահպանել»:

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը նշեց, որ տեղական և միջազգային գործիչների  համար շատ կարևոր կլինի տեսնել, թե ինչպես են երեխաները վերաբերվում պատերազմին, ինչպես են փորձում ամեն կերպ հակազդել պատերազմի գաղափարախոսությանը: «Խաղաղության խորհրդանիշը մեր երեխաների համար արդեն վաղուց բանտարկված զենքերն են, տանկերը, որոնց փողերից արկերի փոխարեն ծաղիկներ ու փուչիկներ են դուրս գալիս, հրացանները, որոնք այնքան երկար ժամանակ չեն օգտագործվել, որ դարձել են հենարան նորատունկ ծառերի համար»,- նշեց տիկ. Մարկոսյանը։ Նա մեջբերեց մրցույթի մասնակիցներից 9-ամյա Միլենայի ուղերձ-ցանկությունը. «Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը»։

ԵԽՀ Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանն անդրադառնալով երեխաների ստեղծագործություններին, նշեց, որ դրանք անչափ ուսանելի են և որ մեծահասակները երեխաներից սովորելու շատ բան ունեն. «Այդ ստեղծագործությունները բոլորիս մտքին խաղաղություն են տալիս և հիշեցնում մեզ, որ խաղաղությունը գին ունի և մեծագույն արժեք է»,-իր խոսքը եզրափակեց Ծ. Ղազարյանը:

ՄԱԿ ՀՏՎ երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանն ու ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ղեկավար Արմինե Պոդոսյանն իրենց խոսքում ընդգծեցին ՄԱԿ-ի առաքելությունն ու գործադրած ջանքերը՝ աշխարհում խաղաղություն հաստատելու ու պահպանելու գործում՝ «Ցավալիորեն, խաղաղության թեման ՄԱԿ-ի համար երբեք չի կորցնում արդիականությունը։ Մինչդեռ 72 տարի՝ իր ստեղծման օրից, ՄԱԿ-ը կոչ է անում խաղաղության ու պատերազմներից զերծ մնալու։ Խաղաղությունը վերջերս ուժի մեջ մտած Կայուն զարգացման նպատակների գաղափարախոսության առանցքային բաղադրիչներից մեկն է՝ առանց խաղաղության չի կարող լինել արդյունավետ աշխատանք կայուն զարգացման ուղղությամբ։ Այդ նպատակներից 16-րդն ընդգրկում է խաղաղության գաղափարը»,-ասաց տիկին Հալաջյանը:

«Եթե մենք երազում ենք ավելի ապահով, խաղաղ ու զարգացած աշխարհի մասին, ապա պետք է որդեգրենք ընդհանրական մոտեցում և գիտակցենք, որ մարդու իրավունքները, խաղաղությունը, անվտանգությունն ու կայուն զարգացումը փոխկապակցված են: Երիտասարդներին պետք է լսել, նրանց հետ պետք է աշխատել ապագայի մարտահրավերների ուղղությամբ: Քանի որ այսօր կերտվում է վաղվա աշխարհը, որտեղ ապրելու են այսօրվա երիտասարդները»,- ավելացրեց Ա. Պոդոսյանը։

 

Տարիքային 2 խմբերում մրցանակային առաջին տեղը զբաղեցրած մասնակիցների (Միլենա Հովհաննիսյան, 9 տ., Գյումրու Հայորդյաց տան քանդակի դասարանի սան, Ջուլիետա Պետրոսյան, 16 տ., Շիրակի մարզի Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ) աշխատանքների հիման վրա տպագրվել են բացիկներ, որոնք կտարածվեն տեղական և միջազգային կազմակերպությունների շրջանում։ Մրցանակների արժանացան նաև Մարիանե Նազարյանը (2-րդ մրցանակ)՝ 7 տ., Արագածոտնի մարզի Ագարակ գյուղից, Արամ Զաքարյանը(3-րդ մրցանակ)՝ 7 տ., Արարատի մարզի Մասիս քաղաքից, Արման Վարդանյանը (2-րդ մրցանակ)՝ 13 տ., Լոռու մարզի Լեռնանցք գյուղ, Անահիտ Մինասյանը (3-րդ մրցանակ)՝ 14 տ., Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ։ Հատուկ մրցանակի արժանացավ 13-ամյա Սվետլանա Զալինյանը Լոռու մարզի Գարգառի միջնակարգ դպրոցից, որի նկարած աղավնին դարձել էր միջոցառման խորհրդանիշ։ Ցուցադրված բոլոր աշխատանքների հեղինակներն ստացան հավաստագրեր ու հուշանվերներ։ Նկարները կշարունակեն ցուցադրվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մինչև սեպտեմբերի 29-ը։

Միջոցառման վերջում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի երիտասարդ ներկայացուցիչները մասնակից երեխաներին ինտերակտիվ եղանակով պատմեցին Կայուն զարգացման 17 նպատակների և հատկապես՝ այդ նպատակներից 16-րդի մասին։

Ցուցահանդեսի մասին “Ազատություն” ռադիոկայանի մասին պատրաստած տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝
“Ես Խաղաղության սերմնացան եմ”

***

Ամեն տարի սեպտեմբերի 21-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր։ Այն ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի կողմից հաստատվել է 1981 թվականինԱյս տարվա թեման է «Միասին հանուն խաղաղության. հարգանք, անվտանգություն և արժանապատվություն բոլորի համար»։