⏳   Հարգելի այցելու, կայքը թարմացման փուլում է։  Հայցում ենք Ձեր ներողամտությունը։   ⏳  Dear visitor, the website is being updated. We apologize for the inconvenience.

Նկարչական մրցույթ դպրոցականների համար

«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը (ԿՀԶ ՀԿ) հայտարարում է նկարչական մրցույթ՝ «Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» խորագրով:

Մրցույթի նպատակն է հայաստանյան և միջազգային լայն հանրությանը ներկայացնել հայ դպրոցականների և հատկապես սահմանամերձ շրջաններում բնակվող դպրոցականների խաղաղությանն ուղղված ձայնը, նրանց ցանկությունը՝ ունենալու հարևանների հետ խաղաղ ապրող Հայաստան: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականները, ովքեր իրենց նկարների միջոցով կփորձեն տարածել «խաղաղ հարևանության» ուղերձը:

Մրցույթը բաց է Հայաստանի բոլոր դպրոցականների համար: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2015թ. ապրլի 30-ից մինչև մայիսի 30-ը:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրվա շրջանակում կազմակերպվելիք միջոցառում/ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Հանձնաժողովի կողմից ընտրված 3 լավագույն ստեղծագործությունների հեղինակներն իրենց ծնողների կամ ուսուցչի հետ կհրավիրվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ մասնակցելու միջոցառմանն ու ստանալու պարգևները։

1-ին մրցանակին արժանացած աշխատանքի հիման վրա կտպագրվի հատուկ բացիկ, որը հնարավորություն կտա տեղական և միջազգային հանրության շրջանում տարածել մեր հարևաններին ուղղված հայ դպրոցականների խաղաղության ուղերձը:

2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին սպասվում են խրախուսական պարգևներ: Մրցութային հանձնաժողովի կողմից կընտրվեն նաև 50 լավագույն նկարներ, որոնք կցուցադրվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, իսկ հեղինակները կհրավիրվեն մասնակցելու միջոցառմանը և ստանալու մասնակցության վկայականներ ու այլ հուշանվերներ: Միջոցառումը կլուսաբանվի տեղական և միջազգային ԶԼՄ-ներով: Ընտրված լավագույն նկարները կտեղադրվեն նաև ԿՀԶ ՀԿ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ինտերնետային կայքերում՝ www.wfd.am, www.roundtable-act.am, www.un.am:

Մրցույթին մասնակցած նկարները դառնում են ԿՀԶ ՀԿ-ի ու ծրագրի ֆինանսավորող կազմակերպության սեփականությունը և հետագայում կազմակերպությունն իրավունք ունի դրանք տպագրելու իր կողմից հրատարակվող ձեռնարկներում, ամսագրերում կամ այլ հրատարակություններում՝ պահպանելով հեղինակային իրավունքները։

Մրցույթն անցկացվում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական «Կլոր սեղան» հիմնադրամի (www.roundtable-act.am) կողմից հայտարարված «Հանուն խաղաղ հարևանության» խորագրով փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Մրցույթին ու միջոցառմանը աջակցում է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Թեմայի շուրջ կծավալվի նաև առցանց քննարկում, որին կարող եք մասնակցել https://www.facebook.com/groups/FriendsOfUN/ հասցեում։

Մրցույթին մասնակցելու պայմաններին ծանոթանալու և մասնակցության հայտը ներբեռնելու համար խնդրում ենք անցնել նշված հղումով   Մասնակցության հայտ

Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը և մաղթում հաջողություն։