15․03․2020
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն գերմանական Kreisau-Initiative e.V. կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ օրերս մասնակցեց «Միջազգային քրեական դատարանի մոդել-Կովկաս» (Model International Criminal Court – MICC Caucasus) ծրագրին: Գյումրիից ընտրված 8 ուսանողներ (7-ը ՇՊՀ-ից և մեկը ԵՊՀ Գյումրու մասնաճյուղից) ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ Սուսաննա Ղազարյանի և Արփինե Նիկոլյանի ուղեկցությամբ մարտի 6-13 ընկած ժամանակահատվածում մասնակցեցին Լեհաստանի Կրժիժովա քաղաքում տեղի ունեցած 8-օրյա դասընթացին: Դասընթացին մասնակցում էին 34 ուսանողներ թվով 5 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Գերմանիա ու Լեհաստան: Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել և ավելի մանրամասն ծանոթանալ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատմություններին, մարդու իրավունքների մասին պետությունների կողմից մշակված փաստաթղթերին ու հռչակագրին, ինչպես նաև ձեռք բերել դատավարական գործընթացների մասին հիմնարար գիտելիքներ ու հմտություններ։
Դասընթացն ուղեկցվում էր գործնական աշխատանքներով ու խաղերով՝ մասնակիցներին բաժանելով դատավորների, դատախազների, դատապաշտպանների ու լրագրողների թիմերի, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում էր իր լիազորությունները, ինչն օգնեց նրանց ավելի լավ յուրացնելու տեսական նյութը։
Դասընթացները վարում էին ոլորտի փորձառու մասնագետները։
Մասնակիցներն հնարավորություն ունեցան այցելելու նաև Սվիդնիցա քաղաք, եղան Խաղաղության եկեղեցում և այլ տեսարժան վայրերում։ Երիտասարդների մեծ մասն առաջին անգամ էին արտերկրում, ինչը վերջիններիս համար լավ հնարավորություն էր համատեղել հետաքրքիր դասընթացը ճանապահորդելու, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփվելու ու նոր ծանոթություններ հաստատելու համար։
Դասընթացի ավարտին ծրագրի բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։
Լուսանկարներ
«Միջազգային քրեական դատարանի մոդել-Կովկաս» ծրագիրն իրականացվում է “Կանայք հանուն զարգացման” ՀԿ-ի և Լեհաստանի “Krzyżowa dla Porozumienia Europejskiego” հիմնադրամի , Վրաստանի “Bridge of Frindship Kartlosi” ու Ադրբեջանի “Common Sense Youth Organization” հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ “Էրազմուս +” ծրագրի ֆինանսավորմամբ։