Հավասարը հավասարին մեթոդով ուսուցում

Խաղաղության մշակույթի դաստիարակության, խաղաղության ուսուցման և կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտությունները մեծ թվով դպրոցականների շրջանում տարածելու նպատակով որոշվեց ծրագրում ընդգրկված դպրոցներում կազմակերպել խաղաղության «բաց» դասեր: Դասերը պետք է անցկացնեին  Խաղաղության կենտրոնների անդամները` «հավասարը հավասարը» մեթոդով:

Առաջին քայլը «բաց» դասի անցկացման համար  անհրաժեշտ տեսական և դիտակտիկ նյութերի մշակումն էր, երկրորդը` Կենտրոնների անդամների վերապատրաստումը որպես հավասարը հավասարին ուսուցանողներ (peer-to-peer educators) :

Աշակերտները սկզբնական շրջանում մի փոքր զգուշավորությամբ ընդունեցին այն փաստը, որ իրենք պետք է հանդես գան դասավանդողի դերում: Նրանց մոտ  վախ կար` իսկ եթե իրենց չլսեն, իսկ եթե  իրենք չկարողանան նյութը լավ մատուցել, դասը հետաքրքիր չլինի և այլն, սակայն ժամանակի ընթացքում վախն անցավ և նրանք ավելի համարձակ դարձան:

Կենտրոնների անդամները մեր մասնագետների օգնությամբ ավելի քան մեկ ամիս պատրաստվեցին «բաց» դասին, սովորեցին նյութերը, ծանոթացան ինտերակտիվ դասավանդման մեթոդիկային: Յուրաքանչյուր Կենտրոնի 25 անդամներից կազմվեցին 2-3, իսկ երբեմն էլ 4-5 հոգանոց խմբեր, ովքեր սկզբում փորձեցին «բաց» դասը վարել իրենց իսկ կենտրոնների անդամների համար: Յուրաքանչյուր դասի ժամանակ խմբերից մեկը անցկացնում էր դասը, իսկ կենտրոնի անդամները լսում և դասի վերջում քննարկում էին այն, նշում դրական կողմերը, բացահայտում թերությունները: Դա օգնում էր ոչ միայն անմիջական «դասավանդողներին»  այլև մյուս խմբերին ավելի լավ անցկացնել դասը, չկրկնել նախորդների թերությունները, հաղթահարել  անվստահությունը և ավելի խորությամբ յուրացնել նյութը: Յուրաքանչյուր խումբ սեփական նախաձեռնությամբ մտածեց նաև փոքրիկ բեմականացում, որտեղ ներկայացվում էր որևէ կոնֆլիկտային իրավիճակ: Բեմականացված կոնֆլիկտը  խորանում էր այն պատճառով, որ մասնակիցները չունեին համապատասխան հմտություններ և գիտելիքներ:

Նույն կոնֆլիկտային իրավիճակը ներկայացվում էր խաղաղ ելքով, որտեղ աշակերտները իրենց իսկ ուսուցանած հմտությունները կիրառելով կարողանում էին կոնֆլիկտը  լուծել խաղաղ ճանապարհով: Առաջին դասերը վարեցին ավելի «համարձակ» աշակերտներից կազմված խմբերը, իսկ մյուս խմբերը լսում էին դասը: Աշակերտների համար նորություն էր ինչպես դասի թեման, այնպես էլ այն փաստը, որ դասը վարում են ոչ թե ուսուցիչները այլ իրենց նման աշակերտներ: Սակայն ընդամենը մի քանի րոպե անց, երբ  ուսուցանողների խումբը ներկայանում էր դասարանին, համառոտակի պատմում դպրոցի Խաղաղության ուսուցման կենտրոնի և նրա գործունեության  մասին, ներկայացնում դասի թեման աշակերտների համար ամեն ինչ արդեն հետաքրքրական էր դառնում: Նրանց  շրջանում դասի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը  հատկապես նպաստում  էին դասարանում փակցված նկարազարդ պաստառները, որոնք խոսուն և ծիծաղաշարժ մարդուկների կերպարանքով ներկայացնում էին կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտությունները: Այսպիսով, երբ արդեն հետևում էին մնում առաջին րոպեների հուզմունքը և կաշկանդվածությունը մեր ուսուցանողները փորձառու ուսուցիչների նման կարողանում էին վարել դասը, ներկայացնել ամբողջ նյութը, հարցերի միջոցով ամփոփել, ամենակարևորը դասարանին մասնակից դարձնել փոքրիկ բեմականացումներին: «Բաց» դասի վերջում արդեն համարյա բոլոր աշակերտները  մեծ ոգևորությամբ  պատմում էին իրենց հետ տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակներ և փորձում գտնել դրանց խաղաղ լուծումներ:

 

«Բաց» դասից հետո կազմակերպվում էր   քննարկում, մոնիտորինգի արդյունքների վերլուծություն, դասի գնահատում: Առաջին հերթին դասի օբյեկտիվ գնահատականն էին տալիս հենց իրենք դասը վարող խմբի անդամները: Որպես ծրագրի ղեկավարներ մեզ համար դա շատ կարևոր էր, քանի որ  քննարկումների ընթացքում առկա էր առողջ քննադատություն և ինքնաքննադատություն: Նման քննադատությունը ոչ թե հանգեցնում էր կոնֆլիկտների այլ օգնում էր վեր հանել նկատված թերությունները և փորձել չկրկնել դրանք:  Պետք է նշել, որ շատ հաճախ դասավանդողները իրենք ՙշատ խիստ՚  էին իրենց թերությունների նկատմամբ և ցան-կանում էին ամեն ինչ անել նյութը ավելի մատչելի մատուցելու նպատակով: Դպրոցականների շրջանում անցկացված հարցման արդյունքների վերլուծությունից պարզ դարձավ, որ աշակերտների մոտ 95 % -ը գտնում է, որ նման դասը շատ անհրաժեշտ էր:

Մի քանի օրինակներ  աշակերտների պատասխաններից` «…այո շատ անհրաժեշտ է: Այս հմտություններն ու պատվիրանները մեզ պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում: Սա կյանքի դաս էր», «… դասը օգնեց, որպեսզի մենք ավելի  համբերատար լինենք…», «…սովորեցինք, որ պետք է բացատրենք, այլ ոչ թե վիճենք…», «…եթե ավելի շուտ ունենայինք նման  հմտությունները  շատ   կոնֆլիկտներից կարող էինք խուսափել…»:

Այն հարցին, թե ինչո՞վ տարբերվեց այս դասը  իրենց մյուս դասերից, աշակերտները տվեցին շատ հետաքրքիր պատասխաններ` «… այս դասը խոսելու իրավունք և հնարավորություն տվեց բոլորիս…», «… կարողացանք մեր կարծիքն արտահայտել և չվախենալ այն մտքից, որ մեզ չեն հասկանա…», «…սկզբում անսովոր  էր տեսնել մեր հասակակիցներին ուսուցչի դերում, բայց նրանք այնքան հետաքրքիր էին խոսում, ես էլ եմ ուզում դառնալ   Խաղաղության կենտրոնի անդամ…»: Իսկ հինգերրորդ դասարանցի մի աշակերտ  դասի կարևորությունը արտահայտեց հետևյալ խոսքերով` «…այս դասը  շատ անհրաժեշտ է, այն սովորեցնում է կյանքում ճիշտ կողմնորոշվել, հատկապես հաճելի է, երբ դասը վարում է քո հասակակիցը, չէ՞ որ նա ավելի մոտ է կանգնած քո խնդիրներին…»:

2002-2010թթ ընթացքում «Հավասարը հավասարին» մեթոդով ուսուցում անցկացվեց Շիրակի մարզի 18 դպրոցների ավելի քան 3500 աշակերտների եվ Գյումրու մանկավարժական ինստիտուտի մոտ 500 ուսանողների համար:

Մեզ համար ամենակարևորն այն է, որ «խաղաղության»  դասից հետո դպրոցականները կարողանան  որոշակի փոփոխություն մտցնել իրենց վարքագծում, որպեսզի կարողանան մտածել բարձրացված հարցերի շուրջ, վերագնահատեն իրենց պահվածքը  և հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:

 

 

Խաղաղության եվ կոնֆլիկտների հաղթահարման մասին դասընթացներն անչափ օգնեցին ինձ

Մեր ծրագրի ամենամեծ գնահատականը թերեվս 7-րդ դպրոցի «Խաղաղության ուսուցման» կենտրոնի անդամ Ինգա Դանիելյանի արձագանքն էր: Մեկ տարի սովորելով հեռավոր ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում, Ինգան ոչ միայն կիրառել է Խաղաղության կենտրոնում իր ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, այլեվ դրանք փոխանցել եվ սովորեցրել ամերիկացի իր հասակակիցներին: Ավագ դպրոցում նա եղել է աշակերտների միջեվ հարաբերությունները կարգավորող լիդեր եվ օգնել դպրոցի շատ աշակերտների եվ նույնիսկ ուսուցիչների՝ խաղաղ ճանապարհով լուծելու ծագած կոնֆլիկտները:

Ձեզ ենք ներկայացնում այն նամակը, որը մեզ էր ուղարկել Ինգան.

 

Ողջույն,

Ձեզ գրում է Ինգա Դանիելյանը թիվ 7 դպրոցից:

Հուսով եմ դուք դեռ հիշում եք ինձ: Այս նամակով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, ինչ դուք սովորեցրեցիք ինձ վերջին երկու տարիների ընթացքում:

Խաղաղության եվ կոնֆլիկտների հաղթահարման մասին դասընթացներն անչափ օգնեցին ինձ այս տարի, քանի որ հիմա ես շատ հեռու եմ գտնվում իմ ընտանիքից, ընկերներից, մշակույթից եվ այն ամենից, ինչ շրջապատել է ինձ երկար տարիներ: Ես հիմա իմ բնակության վայրից դուրս եմ գտնվում, գումարած դրան ընտանիքիս հանդեպ անսահման կարոտը, մենակության զգացողությունը, որի հետեվանքով շատ հաճախ սթրեսային իրավիճակներում ես հայտնվում եվ շատ կոնֆլիկտներ ունենում քեզ շրջապատող մարդկանց հետ: Ես միշտ կհիշեմ ձեր դասերն ու խորհուրդները, որոնք դուք մեզ սովորեցրել եք եվ որոնք հիմա ինձ շատ են օգնում ավելի հեշտ ու հետաքրքիր դարձնել իմ այստեղի կյանքը, օգնում ավելի դյուրին հարմարվել կյանքի փոփոխություններին:

Ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեր տված գիտելիքների համար եվ հուսով եմ, որ մենք միասին կաշխատենք, երբ ես վերադառնամ Հայաստան:

Շատ կարոտել եմ ձեզ,

Ինգա

2006-2007 ուս.տարի

«Հավասարը հավասարին» ուսուցում Բայանդուրի միջնակարգ դպրոցում

«Խաղաղության դասերը», ինչպես հիմնականում նշում էին Խաղաղության ուսուցման կենտրոնի անդամները, այնքան մեծ ազդեցություն են թողել շատերի վրա, որ նույնիսկ դպրոցն ավարտելուց հետո ցանկություն են հայտնում կրկին մասնակցելու կամ էլ ընդգրկելու այն ԲՈւՀ-երը, որտեղ իրենք են սովորում:

Օրինակ մեզ համար շատ անսպասելի էր, երբ 2009թ-ին Գյումրու թիվ 2 դպրոցի Խաղաղության ուսուցման կենտրոնի մի քանի նախկին շրջանավարտներ ցանկություն հայտնեցին մեկ անգամ ևս «հավասարը հավասարին» ուսուցում անցկացնել դպրոցներում, դրանով իսկ փորձելով կրկին վերհիշել և գործնականում կիրառել իրենց ձեռք բերած գիտելիքները: Շրջանավարտները «Խաղաղություն և կոնֆլիկտներ» «Կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտություններ և պատվիրաններ» թեմաներով հավասարը հավասարին եղանակով ուսուցում անցկացրեցին Բայանդուր համայնքի դպրոցի ավելի քան 40 դպրոցականների համար:

Ահա թե ինչ են գրում այդ ուսուցումից հետո Աննա Հովհաննիսյանը և Սիրանույշ Սառիկյանը.

Այսօր /14.05.2009/  Բայանդուր  գյուղում չքնաղ օր անցկացրեցի: Այնքան հաճելի էր լինել Բայանդուրի գեղեցիկ  դպրոցում, շփվել երեխաների հետ, որոնք հետաքրքրասեր աչքերով մեզ էին նայում: Այնքան ուրախ եմ, մի աննկարագրելի բան եմ զգում, որ չգիտեմ, թե ինչպես արտահայտեմ իմ սրտի պոռթկումը: Շատ լավ տպավորություններով հեռացանք այդ գյուղից: Չկար մի բան, որ ինձ դուր չգար, ամեն ինչ լավ էր, այնքան լավ, որ ուզում էի նույնիսկ այնտեղ մնալ: Եվ անգամ մտքովս անցավ փոխել դպրոցս ու սովորել Բայանդուրի այս դպրոցում, այն երեխաների հետ, որոնցից չէի ուզում հեռանալ:

Որովհետև այնտեղ անցկացրած մի քանի ժամերը բավական էին, որ կապվեի նրանց հետ: Ես շա՜տ, շա՜տ,շա՜տ, շա՜տ, շա՜տ եմ խնդրում, որպես խաղաղության ուսուցման կենտրոնի անդամ, որ նորից  գնանք այդ դպրոց և մեկ անգամ ևս ապրենք այդ երեխաների հետ շփման հաճելի պահը:

 Աննա Հովհաննիսյան:

Բայանդուր գյուղում անցկացրած «հավասարը հավասարին» ուսուցումն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Ես հիմա ԵՐՋԱՆԻԿ եմ, քանզի տեսնելով  երեխաների փայլուն աչքերը, նրանց ժպիտները,  լսելով նրանց պատաս-խանները, ստանալով նրանց ուղարկած դրական էներգիան, հիմա կարծես սիրտս ուզում է թևեր առնել ու դուրս պրծնել տեղից, թռչել երկինք, սավառնել կապույտ երկնքում:

Սա առաջին դասընթացն էր, որ ես այդքան բավարարված եմ արդյունքներով: Գիտեմ, որ մենք երեխաների վրա մեծ տպավորություն թողեցինք և դա փոխադարձ էր:

Անկեղծ ասած հանդիպումը հնարավորություն ընձեռնեց բացահայտելու, թե ես ինչ տպավորություն եմ գործում մարդկանց վրա: Ես հիմա շատ ուրախ եմ, երջանիկ, ուզում եմ պարել, թռչկոտել…

Երեխաների հետ զրույցը շատ լավ անցավ, մենք շատ մտերմացանք: Դժվարանում եմ խոսքերով բացատրել այն բոլոր զգացմունքները, որ խառնվել են իմ հոգում ու սրտում: Միայն մի բան կասեմ՝ այժմ ես շատ երջանիկ եմ: Ես կուզենայի, որ նման միջոցառումները շատ լինեին, ու մենք նորից հնարավորություն ունենայինք գյուղի մեր հասակակիցներին փոխանցել մեր գիտելիքները:

Սիրանույշ Սառիկյան:

Կարծում ենք, որ այս հանդիպումը, հավասարը հավասարին եղանակով անցկացրած ուսուցումն իսկապես Կենտրոնում ստացած գիտելիքների լավագույն կիրառումն է և երբեք չի մոռացվի, ինչպես Աննայի և Սիրանույշի, այնպես էլ նրանց հասակակից երեխաների հիշողությունից: