Համայնքային զարգացում

Շիրակի մարզի գյուղական համայնքներում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն սկսել է աշխատել դեռևս 1999թ-ից՝ իրականացնելով հիմնականում առողջապահական ծրագրեր՝ ուղղված ընտանիքի պլանավորման, առողջ ապրելակերպի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերին և այլն։

1999-2007թթ. ընթացքում առողջապահական ուղղվածություն ունեցող չորս ծրագիր է իրականացվել մարզի ավելի քան 70 գյուղական համայնքներում։ Վերոհիշյալ ժամանակահատվածում բոլոր գյուղերում հիմնվել են «Առողջ ընտանիք» կենտրոններ, ուսուցանվել ավելի քան 100 բուժքույրեր, բարձրացել է ավելի քան 4000 կանանց և երիտասարդ աղջիկների իրազեկվածությունը վերարտադրողական առողջության, վերատադրողական իրավունքի և ընտանիքի պլանավորման հարցերում, ավելի քան 5000 գյուղաբնակ կանայք, տղամարդիկ և երիտասարդներ ձեռք են բերել սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի կանխարգելման վերաբերյալ տարրական գիտելիքներ։

Մարզի գյուղական համայնքներում աշխատանքի 9 տարվա փորձառությունը, իրազեկվածությունը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական առկա հիմնախնդիրների վերաբերյալ, հիմք հանդիսացան որպեսզի կազմակերպությունը սկսի մտածել նոր՝ արդեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու մասին։ Եվ ահա 2008թ.-ից  «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն մեկնարկեց համայնքների զարգացմանն  ուղղված համակարգված գործունեությունը Շիրակի մարզի 8 գյուղերում: Երեք տարիների ընթացքում Համայնքային կենտրոններ ստեղծվեցին շահառու բոլոր համայնքներում, ձևավորվեցին 10-15 հոգուց բաղկացած համայնքային ակտիվ խմբեր, իրականացվեցին ամենատարբեր դասընթացներ ու ծրագրեր՝ համայնքների անդամների կարողությունների զարգացման ուղղությամբ, մասնակցային եղանակով (համայնքապետի, ավագանու անդամների, համայնքի տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ համատեղ) կազմվեցին  համայնքային զարգացման եռամյա ռազմավարական պլաններ և այլն:

2008-2016թթ. կազմակերպությունն աշխատել է Շիրակի մարզի 8 գյուղական համայնքներում՝ Ցողամարգ, Արփենի, Թորոսգյուղ, Բայանդուր, Կրաշեն, Լանջիկ, Գոգհովիտ, Մուսայելյան (ընդհանուր թվով մոտ 5000 բնակիչ)` որպես սկզբունք ունենալով «ոչ թե համայնքի համար, այլ համայնքի հետ միասին» կարգախոսը։ ԿՀԶ ՀԿ-ն ոչ թե ինչ-որ գործողություն, փոքր կամ մեծ ծրագիր է իրականացնում համայնքի համար, այլ հետևողականորեն աշխատում է համայնքային տարբեր խմբերի հետ այնքան ժամանակ մինչև նրանք գիտակցում ու արժևորում են այս կամ այն ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:

Համագործակցելով տեղի համայնքապետարանների ու համայնքի անդամների հետ, կազմակերպությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է լուծումներ գտնել համայնքներում առավել հրատապ հիմնախնդիրների համար:

Դուրս գալով փորձից, կազմակերպությունը մշակել է համայնքների հետ աշխատելու իր սեփական արդյունավետ մոտեցումներն ու մեխանիզմները, որի արդյունքում համայնքները դարձել են ավելի ուժեղ, համախմբված և կարողանում են ինքնուրույն վերլուծել և գնահատել իրենց կարիքներն ու հնարավորությունները։
Կազմակերպության կողմից մշակված գյուղական համայնքների զարգացմանն ուղղված աշխատանքի հիմնական քայլերն են՝

  • համայնքի համախմբում;
  • մասնակցության բարձրացում;
  • համայնքի բնակչության կարողությունների զարգացում;
  • տեղական խնդիրների վերհանում;
  • տեղական բիզնեսի և սոցիալական ծրագրերի աջակցություն;

Նշված արդյունքներին ու փոփոխություններին հասնելու համար ԿՀԶ ՀԿ կողմից բոլոր համայնքներում անցկացվել են քաղաքացիական հասարակության, կանանց իրավունքների, մրցունակ ծրագրեր գրելու և այլ թեմաներով դասընթացներ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին ավելի շատ ներգրավվել իրենց համայնքների խնդիրներին և իրենց ձայնն ավելի լսելի դարձնել։ Դասընթացների արդյունքում կանայք դարձել են ավելի ինքնավստահ և այսօր այս կանայք ու երիտասարդ աղջիկներն են կազմում Համայնքային կենտրոնների կորիզ խումբը, ովքեր հավասարապես և նույնիսկ շատ ավելի ակտիվ քան տղամարդիկ, մասնակցում են համայնքային խնդիրների վերհանմանն ու դրանց լուծմանը։

 

Համայնքային կենտրոններ Շիրակի մարզում

Ծրագրի շրջանակներում շահառու համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային կենտրոններ, կարողությունների զարգացման դասընթացների արդյունքում բարձրացել է համայնքի անդամների մասնակցության մակարդակը, համայնքներում ձևավորված կամավորական խմբերը և առանձին կամավորները կարողանում են ինքնուրույն կազմակերպել համայնքային ամենատարբեր միջոցառումներ, դասընթացների արդյունքում մասնակից կանանց և երիտասարդ աղջիկների ավելի քան 70% -ը փոխել է վերաբերմունքը առողջ ապրելակերպի, ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության, դեռահասների սեռական դաստիրակության հարցերի նկատմամբ և այլն:

community ecoԳյուղատնտեսության վարման նոր մոտեցումերի ուսուցումը թույլ է տվել զարգացնել ավելի քան 290 մարդկանց/ 88 կին,174 տղամարդ, 28 դպրոցական/ կարողությունները: Զրույցներին մասնակցած մարդկանց մոտ 12 %-ը արդեն իսկ կիրառել է նոր մոտեցումները իրենց տնամերձ հողամասերում: Արդյունքում, օգտագործելով բացառապես օրգանական պարարտանյութ հնարավոր է դարձել զգալիորեն պակաս ջանքերով ստանալ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք: Ընթացիկ տարում ակնկալվում է գյուղատնտեսության վարման նոր մոտեցումների կիրառության ավելի բարձր տոկոս:

Սակայն ծրագրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա՝ միջավայրի փոփոխությունն է և նոր մշակույթի ձևավորումը շահառու համայնքներում: Այնպիսի գործընթացներ ինչպիսին են՝ համայնքին հուզող հարցերի մասնակցային քննարկումը, մասնակցային որոշումների կայացումը և դրանց ներկայացումը տեղական ինքնակառավարման մարմիններին նոր մշակույթի առաջին դրսևորումներն են:

Հարցը հատկապես վերաբերվում է գենդերային մոտեցմանը: Գյուղերում ընդհանրապես ընդունված չէ, որ կանայք մասնակցություն ունենան համայնքային հարցերի քննարկմանը: Վերջինս ,,բացառապես՛՛ տղամարդկանց վերաբերվող հարց է: Ծրագրի ընթացքում մենք կարողացել ենք կոտրել առկա կարծրատիպը և հասել ենք այն բանին, որ կանայք հավասարապես և նույնիսկ շատ ավելի ակտիվ քան տղամարդիկ մասնակցում են համայնքային խնդիրների քննարկմանը:

community center_meeting 1

Արդյունքում այսօր արդեն շահառու 8 համայնքներն էլ ունեն զարգացման ռազմավարական պլաններ, պլաններ, որոնք արտահայտում են բնակչության բոլոր շերտերի կարծիքը համայնքներում առկա հիմնախնդիրների և զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Նկատի ունենալով բարձրացված հիմնախնդիրների առաջնահերթությունը և առկա հնարավորությունները մշակվել են ավելի քան 28 ծրագրեր, որոնցից 8 –ն արդեն իսկ իրականացվում է, 7 ծրագիր ներկայացված է տարբեր դոնոր կազմակերպությունների և առանձին բարերարների ֆինանսավորման նպատակով: Դիտարկումները ցույց են տալիս, որ ծրագրերի իրականացման ընթացքում համայնքներում տեղի են ունենում իրապես դրական փոփոխություններ, մարդիկ սկսում են հավատալ իրենց ուժերին, հավատալ, որ կարող են փոխել համայնքի առօրյան, որ միայն համախմբելով բոլորի ուժերը կարող են հասնել իրական արդյունքների: