Ֆորում թատրոններ

Ֆորում թատրոնը, կամ որ նույնն է՝ ինտերակտիվ թատրոնը, որպես կոնֆլիկտների կառավարման այլընտրանքային մեթոդ, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն սկսեց կիրառել 2015թ-ից։ Փորձնական ծրագրի իրականացման համար ընտրվեց շահառու Թորոսգյուղ համայնքը, որտեղ ձևավորվեց 15 հոգուց բաղկացած խմբակ։ Շաբաթական մեկ անգամ Համայնքային կենտրոնում անցկացվում  էին Ֆորում թատրոնի պարապմունքներ և վերապատրաստման դասընթացներ։ ԿՀԶ ՀԿ կողմից ձևավորված ֆորում-թատրոն խմբակը նպատակ ուներ այս մեթոդի կիրառմամբ համայնքների դեռահասների ու երիտասարդների միջոցով բարձրաձայնել և գտնել լուծումներ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ։ Բազմաթիվ փորձերից ու վերապատրաստումներից հետո Թորոսգյուղի Ֆորում թատրոն խմբակը հանդիսատեսի դատին հանձնեց իր առաջին ներկայացումը, որը մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ ընդունվեց համայնքի անդամների կողմից։

Խմբակի յուրաքանչյուր ներկայացումից հետո տեսնելով թե՛ խմբակների և թե համայնքի անդամների մոտ տեղի ունեցող փոփոխությունները և դրական արագանքները, ԿՀԶ ՀԿ-ն որոշեց Թորոսգյուղի փորձը ներդնել նաև այլ համայնքներում։ Այսօր արդեն շահառու 7 համայնքներում ձևավորված են Ֆորում թատրոն խմբակներ, որոնց անդամների թիվն անցնում է 200-ը։

Պարբերաբար կազմակերպվող Ֆորում թատրոնների սցենարներն ընտրվում են մասնակիցների կողմից և ներկայացնում են իրենց համայնքներում առկա խնդիրներն ու տարաձայնությունները։ Բոլոր ներկայացումների մշտական հանդիսատեսն են ուսուցիչները, ծնողները, դպրոցականներն ու համայնքի անդամները, ովքեր ակտիվորեն ներգրավվում են բեմականացումներին, փոխարինում «դերասաններին» և խնդիրների լուծման իրենց տարբերակներն առաջարկում։

ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպվել են նաև Ֆորում թատրոն խմբակների փոխայցելություններ այլ համայնքներ, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել փորձի փոխանակման, ինչպես նաև այլ համայնքներում առկա խնդիրները տեսնելու համար։

Կազմակերպության կողմից կիրառվող կոնֆլիկտների լուծման այլընտրանքային այս մեթոդի փորձը ցույց է տվել, որ այն դրական է ազդում երիտասարդների հոգեվոր զարգացման վրա՝ սովորեցնելով նրանց անտարբեր չմնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է հասարակության մեջ եվ իրենց շրջապատում: Դասընթացներից հետո նրանք դառնում են հասարակության ակտիվ անդամներ, նրանց մեջ ծնվում է ցանկություն՝ դեպի լավը փոխելու այդ նույն հասարակությունն ու շտկելու նրանում եղած թերությունները: