Բիզնես ծրագրեր

Կանանց ձեռներեցության զարգացումը ընթացիկ ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկն է:

«Աջակցել գյուղական համայնքների ինքնուրույն զարգացմանը։ Տարածաշրջանային համագործակցություն հանուն խաղաղության» 2017-2020թթ․ ծրագրի ծրագրի շրջանակներում՝

• Բիզնես դասընթացներ են անցկացվել թվով 20 գյուղաբնակ կանանց և երիտասարդների համար;
• Ուսուցանվել են մարկետինգային հիմնական գիտելիքներ;
• Հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկի մրցույթ;
• Տրամադրվել են անհատական խորհրդատվություններ;
• Ներկայացված ծրագրերից առավել 5 իրատեսական գաղափարները ֆինանսավորվել են։ Ծրագրերից 4-ը ղեկավարվում են կանանց կողմից։

Հաջողված բիզնեսների օրինակներին ծանոթանալու նպատակով կազմակերպվել է երկօրյա ուսումնաճանաչողական այց դեպի Վայոց ձորի մարզ, որտեղ շահառու 5 համայնքների ներկայացուցիչներից կազմված խումբը ծանոթացել է մարզում գործող 9 տարբեր բիզնես ծրագրերի՝ նպատակ ունենալով Շիրակի մարզում ևս զարգացնել գյուղական տուրիզմը։

Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել բիզնես դասընթացների մասնակիցների ցանց՝ Ֆեյսբուք խումբ , որտեղ նրանք կկիսվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով, կպատասխանեն միմյանց հետաքրքրող հարցերին և այլն։

Բիզնես ծրագրերն առաջին հերթին կոտրում են կարծրատիպերն այն մասին, որ միայն տղամարդիկ կարող են սեփական բիզնես ունենալ և կառավարել այն։ Հաջողությամբ իրականացվող բիզնես գաղափարներն ապացույց են այն բանի, որ գյուղաբնակ կանայք նույնպես մեծ հաջողությամբ կարող են զբաղվել ձեռներեցությամբ և կառավարել այն։ Ամենակարևորն այն է, որ նման ծրագրերի օգնությամբ կանայք ոչ միայն կարողանում են եկամուտ ունենալ և թեթևացնել իրենց ընտանիքների ֆինանսական հոգսը, այլ նաև դառնում են ինքնավստահ սեփական ուժերի հանդեպ և դրական օրինակ ծառայում այլ կանանց համար, ստեղծում են վստահություն և հարգանք կին ձեռներեցների նկատմամբ։

 

Ֆինանսավորված բիզնես ծրագրեր

 

Ընտանեկան հյուրատուն Մեղրաշատում

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում անցկացված «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում, բիզնես պլանի կազմում» դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից մշակված և ներկայացված լավագույն 5 բիզնես գաղափարներն արդեն իսկ ֆինանսավորվել են` հնարավորություն ընձեռելով գյուղաբնակ սկսնակ ձեռներեցներին իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի։ Ֆինանսավորված գաղափարներից մեկը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գործող ընտանեկան հյուրատան վերանորոգման ու պարսպապատման ծրագիրն է, որը նպատակ ունի առավել հարմարավետ ու անվտանգ դարձնել այցելուների հանգիստը։
Հյուրատան մասին տեղեկատվություն տարածելու, գովազդելու և առավել մեծ թվով այցելուներ ներգրավելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն իսկ բացվել է Granny’s House – Family Guest House in Meghrashat էջը։ Հյուրատան մասին տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի նաև սոցիալական այլ ցանցերում ևս։
Ռիմա Ղազարյանի կողմից ներկայացված հյուրատան գաղափարին և առաջարկվող ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/GuesthouseinMeghrashat/

 «Լիլիթ» խմորեղեն

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ բիզնես գաղափարը Ցողամարգ համայնքում խմորեղենի փոքրիկ արտադրամասի հիմնումն է։ Գաղափարը ներկայացվել է Ցողամարգի բնակչուհի Ելիզավետա Մկրտչյանի կողմից՝ նպատակ ունենալով իր և հարևան համայնքների բնակիչներին մատուցել թարմ ու համեմատաբար մատչելի խմորեղեն։
Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել խմորեղենի արտադրություն սկսելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու պարագաները։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև խմորեղենի պատրաստման ու ձևավորման դասընթացների շարք Գյումրիում, որն արդեն իսկ մեկնարկել է։
Ելիզավետան շատ լավատեսորեն է տրամադրված և համոզված է, որ տնային պայմաններում սկսած իր փոքրածավալ բիզնեսը հետագայում ընդլայնվելու է՝ իր դրական ազդեցությունը թողնելով թե՛ ընտանիքի և թե՛ համայնքի կյանքի վրա։
«Լիլիթ» խմորեղենի կողմից առաջարկվող ծառայություններին ծանոթանալու և պատվերներ ընդունելու համար արդեն գործում է անձնական Ֆեյսբուք էջը, որը պարբերաբար կթարմացվի՝ https://web.facebook.com/Lilit-cakes-336873113578006/?modal=admin_todo_tour

«Անուշահամ մեղր Մեղրաշատից»

Մասնագիտությամբ մանկավարժ Կարեն Ոսկանյանը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղից է։ Նա հասցնում է և՛ տեղի դպրոցում դասավանդել, և՛ զբաղվել իր սիրած աշխատանքով` մեղվապահությամբ։ Մեղվապահության նկատմամբ սերը Կարենը ժառանգել է ընտանիքից, որը երկար տարիներ զբաղվել է մեղվապահությամբ։ Տարիներ շարունակ մեղվապահությունը Կարենի համար եղել է հիմնականում հոբբի և ընտանիքին անարատ մեղրով ապահովելու միջոց, սակայն այժմ ցանկանում է ավելացնել մեղվաընտանիքների թիվը և իր սիրելի զբաղմունքը վերածել նաև շահութաբեր բիզնեսի։ Դա էր պատճառը, որ Կարենը որոշեց մասնակցել ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած բիզնես դասընթացներին և ներկայացնել «Անուշահամ մեղր Մեղրաշատից» բիզնես գաղափարը։ Կարեն Ոսկանյանի խոսքերով, Մեղրաշատ անվանումն ինքնին հուշում է մեղրի համար հրաշալի հումքի աղբյուր հանդիսացող գյուղի աշխարհագրական դիրքը։ Նա մեծապես համոզված է, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենա ավելացնելու իր կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր և անարատ մեղրի ծավալը և մրցունակ դառնալ շուկայում։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաև Կարեն Ոսկանյանի ներկայացրած ծրագիրը, որով նախատեսվում է ունեցած 2 փեթակներն ավելացնել ևս 6-ով, ինչը հնարավորություն կտա սկսնակ ձեռներեցին իրականացնելու իր գաղափարը։

Ջերմոցային տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ 2 բիզնես ծրագրերը նպատակ ունեն հիմնելու ջերմոցային փոքր տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում։ Ծրագրերի առաջարկները ներկայացվել են նշված համայնքների ակտիվ կանանց կողմից, ովքեր բիզնես դասընթացներին մասնակցելուց հետո որոշեցին իրենց ուժերը փորձել այս ոլորտում և սկիզբ դնել իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսին։ Գոհար Գևորգյանի և Աննա Խաչատուրյանի խոսքերով, ձմռան ամիսներին աճեցրած բանջարեղենն ու կանաչին հոգալու են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաև իրենց համայնքների կարիքները, քանի որ շրջիկ վաճառականներից գնված բանջարեղենն այդ ժամանակաշրջանում այնքան էլ թարմ ու որակյալ չէ, իսկ իրենք գնորդներին առաջարկելու են անմիջապես ջերմոցից քաղած և էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Բացի այդ, համայնքի բնակիչները բանջարեղեն ձեռք բերելու համար ստիպված չեն լինի հասնել քաղաք՝ ծախսելով լրացուցիչ գումար և ժամանակ։
Նախատեսվում է կառուցել 50մ2 և 100մ2 մակերեսներով պոլիէթիլենային երկշերտ թաղանթով երկու ջերմոցներ, որոնց համար արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ շինարարական նյութերը։ Օրերը տաքանալուն պես կտրվի ջերմոցների շինարարական աշխատանքների մեկնարկը։