«Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության»

միջազգային 2-րդ գիտաժողով

1-2 դեկտեմբերի, 2017թ. Գյումրի, Հայաստան

 

«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, որն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն Հայաստանում խաղաղաշինության հաստատման բնագավառում, հայտարարում է «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը, որը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 1-2-ը Հայաստանում՝ Գյումրի քաղաքում:  Գիտաժողովի հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունն ուղղորդել խաղաղությանն ուղղված հիմնախնդիրներին՝ որպես լուծման հնարավոր տարբերակ ներկայացնելով խաղաղության մշակույթ կրող նոր սերնդի դաստիարակության անհրաժեշտությունը տարածաշրջանի բոլոր երկրներում և ամբողջ աշխարհում: Աշխատանքային 2 բուռն օրերի ընթացքում մասնակիցները քննարկելու են հետևյալ հիմնական թեմաները.

  • խաղաղության կրթություն դպրոցներում և ԲՈՒՀ-երում,
  • կոնֆլիկտների կառավարում համայնքներում,
  • գենդերի դերը կոնֆլիկտների կառավարման և լուծման գործում,
  • երիտասարդութուն և խաղաղաշինություն,
  • բռնի ծայրահեղականության կանխարգելում խաղաղության կրթության միջոցով,
  • համաշխարհային քաղաքացիություն,
  • համագործակցություն հանուն խաղաղաշինության,
  • միջսահմանային կոնֆլիկտների կանխարգելում խաղաղության կրթության միջոցով:

Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ խաղաղության կրթության «հայաստանյան մոդելին», ինչպես նաև ներկայացնել խաղաղության կրթության ոլորտում ունեցած իրենց սեփական փորձն ու ձեռքբերումները: Գիտաժողովի ընթացքում կազմակերպվող դասընթացները թույլ կտան աշխարհի տարբեր մասերից ժամանած  ուսանողներին, հետազոտողներին և ուսուցիչներին բարելավել իրենց հմտությունները խաղաղության կրթության ոլորտում,  կիսվել գիտելիքներով, լավագույն փորձով, կրթական ծրագրերով, գնահատման գործիքներով: Միջոցառումը հնարավորություն կտա մասնակիցներին կապեր հաստատել և համագործակցել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների մասնագետների հետ: Կոնֆերանսի հատուկ հյուրերն են լինելու Զինված կոնֆլիկտների կանխարգելման համաշխարհային գործընկերության (GPPAC) Խաղաղության կրթություն աշխատանքային խմբի (PEWG) տարբեր երկրներից ժամանած անդամները: Վերջիններս կիսվելու են իրենց երկրներում և տարածաշրջաններում իրականացվող խաղաղության կրթության բնագավառում ունեցած հարուստ փորձով և քաղած դասերով: Խաղաղության կրթություն աշխատանքային խմբի աջակցությամբ 2017թ. դեկտեմբերի 3-ին՝ կոնֆերանսի հաջորդ օրը, Գյումրիում անցկացվելու է կարողությունների հզորացման դասընթաց ավագ դպրոցների և ԲՈՒՀ-երի դասախոսների ու վարչական աշխատողների համար, ովքեր վերապատրաստում են նոր ուսուցիչներ, ինչպես նաև պետական այն կառույցների համար, որոնք զբաղվում են ուսուցիչների կրթությանն առնչվող քաղաքականությունների մշակմամբ: Կոնֆերանսին մասնակցելու և Ձեր զեկույցները  ներկայացնելու   համար խնդրում ենք լրացնել կից հայտը, որը կարող եք ներբեռնել նաև ԿՀԶ ՀԿ կայքէջի միջոցառումներ բաժնի՝ գիտաժողով ենթաբաժնից՝ www.wfd.am: Կոնֆերանսի աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերենի համաժամանակյա թարգմանությամբ: Գիտաժողովի նախապատմություն Սա «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպվող «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով երկրորդ գիտաժողովն է: Առաջին գիտաժողովը, որը կայացավ 2007թ. դեկտեմբերին, նպատակ ուներ ներկայացնել Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության մշակույթ տարածելու ԿՀԶ հասարակական կազմակերպության, վերջինիս գործընկեր կազմակերպությունների և համագործակցող դպրոցների փորձն ու ձեռքբերումները: Կոնֆերանսի ընթացքում շեշտվեց խաղաղության մշակույթ ձևավորելու և խաղաղաշինություն հաստատելու կարևորությունը: Գիտաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան ուղերձով՝ միանալու 1999թ. Հաագայում կայացած «Կոչ հանուն խաղաղության» կոնֆերանսի գլխավոր նպատակների իրագործմանը Հայաստանում, այն է՝ խաղաղության կրթության գաղափարը կրթական բոլոր մակարդակներում ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթության միջոցով տարածելու, ինչպես նաև խթանելու ուսուցիչների վերապատրաստումը խաղաղություն ուսուցանելու գործում: Շուրջ 10 տարի է անցել այդ գիտաժողովից, և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն արձանագրել է էական արդյունքներ խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման բնագավառում: Կրթության ազգային ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում խաղաղության կրթությունն ուսուցանվել է Հայաստանի ավելի քան 850 դպրոցներում: Նախորդ 15 տարիների ընթացքում ավելի քան 70,000 դպրոցականներ ձեռք են բերել եւ իրենց առօրյա կյանքում կիրառել  կոնֆլիկտների կառավարման հմտությունները՝ զգալիորեն նվազեցնելով բռնի ելքով կոնֆլիկտների թիվը դպրոցներում: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կարևորագույն ձեռքբերումն է «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթության» ինստիտուցիոնալացումը Հայաստանի դպրոցներում: 2015թ. օգոստոս ամսին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտը պաշտոնապես ներառեց խաղաղության և կոնֆլիկտների կառավարման դասավանդումը դասղեկական ժամերին ուսուցանվող թեմաների շարքում: Միջնակարգ դպրոցների ՄԿԱ գծով փոխտնօրեններին ուղղված նամակում շեշտված է, որ կոնֆլիկտների կառավարման ուսուցումը նպատակ ունի նվազեցնել բռնությունները և ձևավորել խաղաղ միջավայր դպրոցներում: ԿՀԶ ՀԿ փորձը բարձր է գնահատվել խաղաղության կրթության բնագավառում աշխատող մի շարք միջազգային կազմակերպությունների և ցանցերի կողմից: Հաշվի առնելով ուսուցիչների, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկներում գործող հասարակական կազմակերպությունների մեծ հետաքրքրվածությունը խաղաղության կրթության «հայաստանյան մոդելի» նկատմամբ՝ ԿՀԶ ՀԿ-ը 2017թ. դեկտեմբերին կազմակերպում է «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային երկրորդ գիտաժողովը: Գիտաժողովի հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք կապվել միջոցառման համակարգող Գոհար Մարկոսյանին հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝  peace.conference2017@wfd.am  կամ  goharmark@gmail.com  Գիտաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց մասնակցության հայտը եւ այնուհետ ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեներով  Մասնակցության հայտ  

Հարգանքով՝
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ
 
Շահինյան 6ա, բն. 16
Գյումրի 3118, Հայաստան
Հեռ./Ֆաքս: +374 312 33007
Էլ. կայք: www.wfd.am
Ֆեյսբուք էջ: Women for Development NGO